Հասարակություն 

Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովն ազատ է արձակվել

Life News-ը հայտնում է, որ բացատրական զրույցից հետո Մոսկվայում ազատ է արձակվել ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը:

Այսօր ցերեկը Երևան - Մոսկվա չվերթից հետո «Դոմոդեդովո» օդանավակայանում իրավապահները ձերբակալել էին Ստերլիգովին: Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ նրան ոչ թե ձերբակալել են, այլ բացատրական զրույց են վարում:

Ազատ արձակվելուց հետո Ստերլիգովը հայտարարել է, թե որպես Ռուսաստանի քաղաքացի` իրեն տուն են թողել:

Ստերլիգովը Life News-ին պարզաբանել է, որ իր հետ «զրույցի» պատճառը եղել է «Իվան Ահեղից մինչև Պուտին» դասագիրքը, որը հրապարակված է իր կայքում: Ստերլիգովը այս գիրքը այս ամառվա իր բոլոր խնդիրների հիմնական պատճառ է անվանել:

Նա պարզաբանել է, որ տեքստում կան ձևակերպումներ նաև Լեռնային Ղարաբաղի պատմության մասին, որոնք Ադրբեջանին «կասկածելի» են թվում:

Ստերլիգովը պատմել է նաև, որ 3 ժամ շփվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և հաճելիորեն զարմացած է նրանց աշխատանքի որակից:

Ի դեպ, այս աղբյուրը պնդում է, որ Ստերլիգովին ձերբակալել են Ադրբեջանի հարցումի հիման վրա:

Նույն շարքից