Հասարակություն 

Արցախում նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի 2760 երեխա

Հայկական երկրորդ հանրապետությունում՝ Արցախում, սեպտեմբերի 1-ը ևս սպասված տոներից է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը նշեց, որ այս տարի Արցախի 219 դպրոցներ առաջին անգամ ոտք կդնի 2760 փոքրիկ:

«Նախորդ տարվա համեմատությամբ, ավելի շատ առաջին դասարանցի ունենք: 2014-2015 ուսումնական տարում աշակերտների թիվը եղել է 2329: Երեխաների թվի աճը պայմանավորված է «Ղարաբաղյան մեծ հարսանիք»-ով, քանի որ այդ տարի ամուսնացածների երեխաներն այսօր դպրոց են գնում: Իսկ ընդհանրապես Ղարաբաղում ծնելիության աճի տենդենց կա, հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում»,-նշեց Սլավա Ասրյանը:

2008 թվականին Արցախում միանգամից գրեթե 700 ընտանիքներ կազմվեցին: Հենց այդ ամուսնություններից ծնված երեխաներն արդեն սկսում են դպրոց հաճախել: «Հաջորդ տարի հնարավոր է ավելի քիչ լինեն առաջին դասարանցիները, բայց 2500-ի շեմը կպահպանվի»,-հավելեց նախարարը:

Սլավա Ասրյանի խոսքով, դպրոցները պատրաստ են ընդունել առաջին դասարանցիներին: «Դասագրքերի բաժանման գործընթացն սկսված է: Մեզ մոտ ոչ թե 1-4-րդ, այլ 1-12-րդ դասարանի աշակերտներն անվճար են ստանում դասագրքերը` պետության հաշվին»,-ընդգծեց նա:

Սեպտեմբերի մեկը տոն է նաև արցախցի այն ուսանողների համար, ովքեր առաջին անգամ ոտք կդնեն բարձրագույն ուսումնական հաստատություններ: Արցախում կա երկու պետական բուհ` Արցախի պետական համալսարանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը: Գործում են նաև երեք ոչ պետական բուհեր:

«Արցախի պետական համալսարանը 474, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը 86 առաջին կուրսի ուսանող կունենա: Մասնավոր բուհերն ավելի քիչ առաջին կուրսեցի կունենան»,-նշեց ԿԳ նախարարը:

Նույն շարքից