ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց` միայն քվեարկության ժամանակ կերևա, թե որ քաղաքական ուժերն են դեմ սահմանադրական փոփոխություններին, իսկ որ ուժերը` կողմ: Լրագրողի այն հարցին, թե` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացրեցիք, քանի որ խանգարո՞ւմ էր, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ո'չ ԲՀԿ-ն, ո'չ էլ Գագիկ Ծառուկյանը իշխանություններին չեն խանգարել:
««Բարգավաճ Հայաստան»-ը, Գագիկ Ծառուկյանը, իհարկե, մեզ չէին խանգարում, ուղղակի քաղաքական նոր իրավիճակ է այժմ ստեղծվել: Դա ինչ-որ բետոնե բան չէր: Քաղաքականությունն էլ է ժամանակի ընթացքում փոխվում»,- նշեց Սահակյանը: Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը մշտապես ասում են, որ սահմանադրական փոփոխությունները միտված են ՀՀԿ-ի վերարտադրմանը, Սահակյանը պատասխանեց, թե ՀՀԿ-ին ի՞նչ է եղել, դա կարող էին անել նաև նախագահ ընտրելու դեպքում: Նա նշեց նաև, որ չի կարծում, թե ժողովուրդը կընդդիմանա սահմանադրական բարեփոխումներին:
«Մենք շփումներ ենք ունենում ժողովրդի հետ և նման բան չենք նկատել: Ցավն այն է, որ որոշ քաղաքական ուժեր խոսում են ժողովրդի անունից: Ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետն ունենալ, բայց հաղթում ենք մենք»,- ասաց ԱԺ նախագահը: