Հայաստան Քաղաքական 

Այս տարիների ընթացքում ոչ մի բարերար չի արձագանքել, այնինչ Տիգրանակերտի հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի. հնագետ

Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաքի պեղումների համար նախատեսվող ամենամյա ֆինանսավորումը այս տարի կրճատվել է շուրջ 1/3-ով, ինչի հետևանքով դժվարացել են արշավախմբի աշխատանքները և ամբողջությամբ չեն լուծվել իրենց առջև դրած խնդիրները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այնուամենայնիվ ողջ ամռան ընթացքում աշխատանքները շարունակվել են՝ իրենց համառ ջանքերի շնորհիվ։

«Պետք է նշեմ, որ մեզ երբևէ գումար չեն տվել ու պատվիրել գործը, մենք ենք որոշել ու սկսել, որից հետո Արցախի նախագահը եկել տեսել է, ոգևորվել է այդ ամենով և որոշել, որ պետք է ֆինանսավորում տրվի։ Այդ առաջին տարին հատկացվեց 35 մլն դրամ, որը բավարար է 80 աշխատանք իրականացնելու համար։ Այնուհետև սկսեց նվազել և արդեն անցած տարի գումարը կազմեց 23 մլն դրամ, իսկ այս տարի` 16 մլն դրամ։ Զարմանալի է, որ անգամ այս տարիների ընթացքում ոչ մի բարերար չի արձագանքել, այնինչ Տիգրանակերտի հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի, այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս տարածքները հայկական են»,- ասաց նա։

Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ հայտնաբերված բոլոր արձանագրությունները հայերեն են, ինչը նշանակում է, որ Տիգրանակերտը բացառապես հայկական տարածք է։

«Մենք ամեն օր աշխատանքները սկսել ենք վաղ առավոտից ու ավարտել ժամը 11-ին, որովհետև Տիգրանակերտում շատ շոգ է, այնուհետև վերսկսել ենք ժամը 16-ից՝ հիմնականում կատարելով ուսումնասիրություններ այն ամենի, ինչ գտել ենք տարածքից»,-ասաց նա։

Համլետ Պետրոսյանը նաև անդրադարձավ Արցախի անկախության տոնին և ընդգծեց՝ չէր հայտնաբերվի Տիգրանակերտը, եթե Արցախը չանկախանար։

«Պեղումների առաջին տարին մարդիկ գալիս ու պատմում էին, թե ինչ մասնակցություն են ունեցել այդ տարածքի ազատագրմանը։ 40-50 տարի առաջ, երբ ես փորձում էին խաչքարերը ուսումնասիրել Արցախում, թույլ չէր տալիս ադրբեջանական կողմը։ Երազանքի սահմաններից դուրս է, որ տասնյակ տարիներ հետո ես կարողանալու էի շրջել ու ուսումնասիրել ցանկացած բան»,- ասաց նա։

Նույն շարքից