Հայաստան Քաղաքականություն 

Պետք է հասկանալ, որ մեզ մոտ վտանգները շատ արագ են թափանցում. Սամվել Մարտիրոսյան

analitik.am

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողերի հետ հանդիպման ընթացքում «Ինֆորմացիոն հիգիենայի հիմնական կանոնները» թեմայով ասաց, թե խնդիրներն աճում են, իսկ դրա վերաբերյալ հասարակությանը կրթելու հարցում ոչ ոք չի զբաղվում:

«Վերջին ժամանակներում բավական պարկեշտ մարդիկ իրենց ընկերների պատերին տեղադրում էին ոչ պարկեշտ նկարներ, ու շատերի համար անհայտ էր մնում, թե դա որտեղից է հայտնվել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում հայտնվել են որոշ «կրիպտո» վիրուսներ, որոնք համաճարակի են նման: Դրանք ներթափանցում են համակարգիչ՝ կոդավորում են ֆայլերը, և օգտատերը չի կարողանում օգտվել իր ֆայլերից:

Բանախոսն ասաց նաև, որ Հայաստանի դեմ հայերեն գրված sms-ներ են օգտագործվում, որոնցով փորձում են մարդկանցից գումարներ կորզել:

«Խնդիրն այն է, որ ինտերնետից օգտվողները վերջին 2-3 տարում են շատացել, և նրանք շատ տարրական կանոններից օգտվել չգիտեն»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, թե մարդիկ հաճախ գաղտնաբառ օգտագործելիս շատ պարզ, հասարակ բառեր են օգտագործում, ընդհուպ այսպես՝ 123456,  կամ նույնիսկ գրում են այսպես՝ password:

«Հակերային խմբեր կան, որոնք փորձում են հասարակությունների ունակությունները պաշտպանել: Պետք է հասկանալ, որ մեզ մոտ վտանգները շատ արագ են թափանցում: Վերջին ալիքն այն է, որ մարդիկ հաճախ ինչ-որ բաներ են տարածում ինչ-որ կայքից, սակայն բացելով տվյալ կայքը, հանդիպում ես մեկ այլ պատուհանի, որը պահանջում է ներբեռնել, ու այդ ալիքը սկսում է արագորեն տարածվել: Դա, իհարկե, այդքան էլ մեծ վտանգ չէ, բայց անհանգստություն է պատճառում: Այստեղ անհանգստանալու առիթն այն է, որ եթե այդ մեթոդն աշխատում է, ուրեմն տվյալ տարբերակով կարող են տարածվել նաև կրիպտո վիրուսները»,- ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետը:

Նույն շարքից