Հայաստան Քաղաքականություն 

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ նախորդ այցից անցել է մեկ տարի, և այդ ընթացքում հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններն ավելի են խորացել: Անդրադառնալով հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների խորացմանը՝ Գալուստ Սահակյանը կարևորել է երկու երկրների ղեկավարների փոխայցերը, այդ թվում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան: Խոսելով Ֆրանիսա կատարած իր այցի մասին՝ Ազգային ժողովի նախագահը վերհաստատել է իր հրավերը Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին:

ԱԺ նախագահը, բարձր գնահատելով բարեկամության խմբերի ծավալած արդյունավետ գործունեությունը, ընդգծել է բարեկամական խմբերի ղեկավարների մեծ ներդրումը բարեկամ երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ անհանգստության տեղիք տվող, անհանդուրժող պահվածքին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԵԽԽՎ-ն իրական քայլեր ձեռնարկի այդ երկրի հանդուգն, ոչ ժողովրդավար գործելակերպը կանխելու համար:

Իր երախտագիտության խոսքն ուղղելով Բրյունո լը Ռուին, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ջատագովներից է, Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում:

Անդրադառնալով պատվիրակության առաջիկա այցին Ղարաբաղ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ կարևորում է յուրաքանչյուր նման այց, քանի որ Լեռնային Ղարաբաղ այցելող յուրաքանչյուր պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի ականատես լինելու ազատ ապրելու իրավունքը նվաճած, անկախության համար մարտնչած ժողովրդի կենսակերպին: ԱԺ նախագահի խոսքով՝ անկախ ճանաչված կամ չճանաչված լինելու հանգամանքից, Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ ապրելու իր իրավունքը և չպետք է անտեսված լինի միջազգային հանրության կողմից:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն, շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի նախագահին ընդունելության համար, նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն ավելի են հզորացել: Կարևորելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Բրյունո լը Ռուն փաստել է, որ իր երկրի նախագահը հետևողականորեն վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը Ցեղասպանության դատապարտման հարցում:

Անդրադառնալով պատվիրակության այցելությանը Լեռնային Ղարաբաղ՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ իրենց նպատակն է տեղում շփվել արցախցիների հետ և վերահաստատել այն միտքը, որ այնտեղ ապրող ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ապրելու: Բրյունո լը Ռուն նշել է, որ պատվիրակության անդամները տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից և փաստել, որ միջազգային հանրության համար անընդունելի են հրադադարի ռեժիմի խախտումները:

Խոսելով Հայաստան և Արցախ այցելության մասին, նա նշել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է կարևորվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները՝ ի տարբերություն հարևան երկրի, որտեղ ժողովրդավարությունը կաղում է:

Անդրադառնալով Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններին՝ Բրյունո լը Ռուն փաստել է, որ պետք է խորացնել դրանք բարեկամ երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների մակարդակով:

Նույն շարքից