Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ այսօր կայացած Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ինչպես սահմանային բնակավայրերի վիճակի մասին հարցը, այնպես էլ անվտանգության խնդիրները, սահմանադրական բարեփոխումների ընթացքը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ սահմանին իրավիճակը վերահսկելի է։
«Բնականաբար Ադրբեջանը վերջին տարիներին իրականացնում է մի քաղաքականություն, որը դատապարտելի է ու անընդունելի։ Սա քաղաքականություն է, որը միտված է խոչընդոտելու բանակցային գործընթացը։ Սա անընդունելի է թե՛ Արցախի, թե՛ ՀՀ իշխանությունների համար։ Մեզ համար ընդունելի ձևաչափը բացառապես Մինսկի խմբի համանախագահությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորումն է, ու մենք դատապարտելի ենք համարում Ադրբեջանի նման դիրքորոշումը»,-ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, այն գյուղական բնակավայրերում, որտեղ որ վնասներ են գրանցվել, քննարկվելու է դրանք կամ փոխհատուցելու, կամ՝ օժանդակելու հարցը։
«Այսօր հերոսություն է սահմանամերձ բնակավայրերում ապրելը, և մեր բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինեն այդ մարդիկ»,-ասաց նա և ցավակցություն հայտնեց այսօր զոհված պայմանագրային զինծառայողների հարազատներին։
«Ցանկացած կորուստ՝ լինի Հայաստանից, թե Ադրբեջանից, պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»,-ասաց նա։
Հարցին, թե ինչի հետ է կապված վերջին երկու օրերին հակառակորդի ակտիվությունը՝ մեկնարկած զորավարժությունների, թե՞ Անկախության օրվա, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը սահմանային լարվածություն է իրականացնում, ինչը կարելի է տարբեր բաների հետ կապել, ընդհուպ մինչև ներքաղաքական խնդիրների։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն ունի լուրջ ներքաղաքական խնդիրներ, և հնարավոր է, որ հանրության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից փորձում է սևեռել դեպի Ղարաբաղյան խնդիր»։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ այստեղ անելիք ունեն միջազգային կառույցները։