Բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի հոգեհանգստյան արարողությանը, որն անցնում էր Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, այսօր ներկա էին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը , Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պաշտպանության, սփյուռքի, քաղաքաշինության նախարարները, մտավորականներ, հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ընկերներ ու մտերիմներ:
ՀՀ Նախագահը մոտ 20 րոպե ներկա գտնվեց Վահագն Հովնանյանի համար մատուցված հոգեհանգստյան պատարագին, որը մատուցում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նախքան այդ՝ Սերժ Սարգսյանը ցավակցեց Հովնանյանի այրուն, դստերն ու հարազատներին:
Վահագն Հովնանյանի համար ծաղկեպսակներ էին ուղարկվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանի կողմից:
Վաղը՝ սեպտեմբերի 4-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա Վահագն Հովնանյանի հրաժեշտի վերջին արարողությունը: