Հայաստան Քաղաքական 

Էդ հարաբերակցությունը այդ երկու իմաստների կշիռները ավելի շատ խոսում են Ծառուկյանի օգտին. Գալուստ Սահակյան

«Նոր Սահմանադրության մեջ կստեղծվի խորհուրդ, որը պատգամավորների բացակայությունների բեռը ոչ թե կդնի ԱԺ նախագահի վրա, այլ խորհուրդն ինքը կորոշի հարգելի՞ է, թե՞ ոչ հարգելի: Իսկ այս պահին միանձնյա որոշումներ են՝ ինչպես կգտնի ԱԺ նախագահը, այդպես էլ կլինի»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով պատգամավորների բացակայությունների խնդրին:

Լրագրողները հետաքրքրվեցին մասնավորապես ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայություններով, որոնք ուսումնասիրությունից հետո համարվեցին հարգելի: ԱԺ նախագահը ասաց, որ միշտ էլ ուշադրություն է դարձնում Ծառուկյանի բացակայություններին, իսկ ուսումնասիրությունների արդյունքը դրական էր, քանի որ դրանք հարգելի համարվեցին:

Լրագրողը նկատեց, որ ստացվում է` Գագիկ Ծառուկյանը պատգամավոր է դարձել հարգելի բացակայելու համար, ԱԺ նախագահը արձագանքեց. «Ես չգիտեմ՝ Գագիկ Ծառուկյանը պատգամավոր դարձել է հարգելի բացակայելու համար, կամ չէ, բայց Ծառուկյանը այն անձնավորությունը չի, որ պիտի կարողանաս հենց այնպես միտումնավոր խոսքեր ասես: Կա քաղաքական իրավիճակներ, կա դրա հետևանքները, կա դրա մոտեցումները, կա նաև այն պատճառաբանությունր, որ ներկայացնում են ԱԺ նախագահին և համոզումը մնում է ԱԺ նախագահի մոտ»:

Հարցին, թե նորմա՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ է ստանում բյուջեից, բայց բացակայում է երկար ժամանակ ու չի ներկայանում նիստերին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա աննորմալ չէ: Նա բավականին լուրջ ներդրումներ է կատարում և խոսել, որ նա աշխատավարձ է ստանում և պետության վրա շատ թանկ է նստում, չեմ կարծում: Էդ հարաբերակցությունը այդ երկու իմաստների կշիռները ավելի շատ խոսում են Ծառուկյանի օգտին»:

Լրագրողի դիտարկմանը, թե մանդատի վաճա՞ռք է կատարվում, Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Ես ընդամենն ասում եմ՝ նրա բացակայությունը իմ կողմից հարգելի համարվեց: Իսկ վաճառվում են նրանք, ովքեր վաճառվում են»:

Նույն շարքից