Հայաստան Քաղաքականություն 

Պարտադիր չէ, որ բոլորը կողմ լինեն մեր տեսակետին՝ Սահմանադրության հարցում. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Սահմանադրական այս փոփոխություններով փորձ է արվում Հայաստանում զարգացնել ժողովրդավարական ավանդույթները: Այս մասին սահմանդրական փոփոխությունների թեմայով լսումներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացելով առավելությունները, որ, ըստ իրեն, ունենալու է այս Սահմանադրությունը:

«Իշխանությունների տարանջատման սկզբունքը լրացվում է քաղաքական հավասարակշռության սկզբունքով: Եթե այսօր շատ կարևորագույն օրենքներ անցնում են միայն  մեծամասնության  կողմ քվեարկելու արդյունքում և փոքրամասնությունը թեկուզ երկու երեք ձայնով որևէ ազդեցություն չունի, ապա այս պառլամենտական համակարգում մենք ավելացրել ենք ընդդիմության դերակատարումը»,- ասաց նա։

ՀՀԿ խոսնակը հավելեց, որ սահմանադրական օրենքները այս բարեփոխումների արդյունքում անցնելու են ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ երեք հինգերորդով: Այսինքն՝ մեծամասնությունը առանց ընդդիմության հետ կոնսոլիդացման, այլևս «չի կարողանալու» ո՛չ կարևոր հարց լուծել, ո՛չ կարևոր պաշտոնյայի ընտրել:

«Երկրորդ. խոսում ենք ժողովրդավարության մասին, այս նախագծով հնարավորություն է տրվում, որ պարտված, հարաբերականորեն պարտված քաղաքական ուժերը ունենան մեծ դերակատարություն»,- հավելեց ՀՀԿ խոսնակը՝ օրինակ բերելով նախագահական ընտրությունները, որում հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ:

Էդուարդ Շարմազանով հավելեց, որ պարտադիր չէ, որ բոլորը կողմ լինեն մեր տեսակետին՝ Սահմանդրության հարցում, բայց քննարկումը պետք է անցի կոռեկտության և միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի պայմաններում:

ԱԺ փոխնախագահը հորդորեց խոսել պառլամենտական բառապաշարով: «Մենք այստեղ չենք եկել իրար վիրավորելու, եկել ենք նորմալ քննարկում իրականացնելու»,– ասաց նա:

 

Նախքան նրան ձայն տալը նիստը վարող Հովհաննես Սահակյանը, ակնարկելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով կոչ էր անում միավորվել ընդդեմ այդ փոփոխությունների, հայտարարեց՝ «խորհրդարանական հայտարարությունների ժամն ավարտվեց, անցնենք լսումներին»:

Արձագանքելով Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ նրա ելույթում կային ելևէջներ, որոնք մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անվանել փաստեր:

«Հարգելի բարեկամ, պարոն նախագահը երեկ սահմանային լարված իրավիճակի հետ կապված հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Մենք մեղավոր չենք,որ Դուք տեղյակ չեք»,- դիմելով Լևոն Զուրաբյանին՝ ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նույն շարքից