Հայաստան Քաղաքական 

Քվեարկության օրն Ազգային ժողովում մենք կհայտարարենք, թե որն է ԲՀԿ-ի դիրքորոշումը. Վահան Բաբայան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ չգիտի, թե որ կուսակցությունն ինչպես է նեղանում ԲՀԿ-ից՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ իրենց դիրքորոշումների վերաբերյալ, ապա ավելացրեց, որ դա իրենց չի մտահոգում. ԲՀԿ-ն իր քաղաքական օրակարգն ինքն է որոշում:

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե իրենք ուղարկել են իրենց տեղեկանքները ԲՀԿ բոլոր տարածքային կառույցներին, քննարկումներ են ընթանում, դրանց արդյունքներն ամփոփելու համար կգումարվի խորհրդի նիստ:

«Մինչև քվեարկության օրը պետք չէ ԲՀԿ-ից հայտարարության սպասել: Քվեարկության օրն Ազգային ժողովում մենք կհայտարարենք, թե որն է ԲՀԿ-ի դիրքորոշումը»,- ասաց Վահան Բաբայանը՝ նշելով, թե այժմ քաղաքական իրավիճակը փոխված է, լարվածություն չկա։

«Բնական է, որ հիմա չենք կարող նույն քննադատությամբ հանդես գալ, քննադատությունն ինքնանպատակ չպետք է լինի»,- հայտարարեց Վահան Բաբայանը՝ ավելացնելով, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծում կային բազմաթիվ կետեր, որոնց շուրջ ԲՀԿ-ն իր մտահոգությունները հայտնել է:

Հանդիպման վերջում Վահան Բաբայանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց, որպեսզի ողջամիտ ու լուրջ վերաբերվեն Սահմանադրության փոփոխությունների նախագծին, բոլորն ապրեն իրենց կյանքով և կեղտոտ PR-ներ չկիրառեն մյուսների նկատմամբ, քանի որ դա, ըստ նրա, միշտ անփառունակ ավարտ է ունեցել:

Նույն շարքից