2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.3% գնաճով: Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Համաձայն հրապարակման՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.2%-ով:
Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0.3% գնանկում:
2015թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.2% նվազում) 0.1 տոկոսային կետով:
Հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, 4-ում գրանցվել է 0.6-0.1% գնանկում, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.2%-ով: