Հայաստան Քաղաքականություն 

ՊՆ փոխնախարարը Եվրամիության ներկայացուցչին ներկայացրել է է սահմանային իրավիճակը

analitik.am

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի հետ:

Պարոն Լորենցը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին ներկայացրեց պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովային:

Իր հերթին Դավիթ Տոնոյանը հյուրին տեղեկացրեց ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի եւ շրջանակների մասին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց նաեւ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը եւ տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Դավիթ Տոնոյանը մտահոգություն հայտնեց հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դ. Լորենցը վերահաստատեց ԵՄ-ի մտահոգությունները եւ հորդորները` տեղում զսպվածություն ցուցաբերելու, հրադադարը խստիվ պահպանելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շուտափույթ խաղաղ եւ համընդգրկուն կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու մասին:

Նույն շարքից