Վերջին տարիներին գազաբալոնների և գազալցակայաններում պայթյունների աճ է գրանցվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՏԿԱԻՆ գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը՝ նշելով, որ դա պայմանավորված է ինչպես գազալցակայանների ոչ ճիշտ աշխատանքով, այնպես էլ վարորդների ինքնակամ գազաբալոն տեղադրելով:
«Հիմնական պատճառը մեքենաների ոչ ճիշտ վերասարքավորված բալոններն են, որոնք տեղադրվում են ոչ լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Հաճախ վարորդները ուղղակի շուկայից բալոն են գնում և իրենք տեղադրում մեքենաներում, անգամ տեղյակ չլինելով, որ գազաբալոնը պետք է տանել գազաբալոնային համակարգը փորձարկող կազմակերպություն՝ փորձարկում կատարելու համար»,-նշեց ՏԿԱԻՆ աշխատակիցը:
Նա չբացառեց նաև գազալցակայանների մեղավորությունը, երբ ճնշման գերազանցումն ու ջերմաստիճանի սխալ կարգավորումները հանգեցնում են պայթյունների:
«Պետք է անպայման գազալցակայանի աշխատակիցը վարորդից պահանջի լիցենզավորման փաստաթուղթը, բայց այստեղ ևս մեկ խնդիր կա, արդյո՞ք ցույց է տալիս վարորդը այդ փաստաթուղթը, թե այստեղ փոխհամաձայնություն է տեղի ունենում աշխատակցի և վարորդի միջև»,-նկատեց Ռ. Բադեյանը:
Բանախոսը նշեց, որ դեպքերի հիմնական պատճառը անորակ և սեղմած գազաբալոններն են, քանի որ ֆիզիկապես մաշվել են դրանք. «Գազաբալոնների շահագործման ժամկետները նախատեսված են 15 տարվա համար, իսկ այստեղ օգտագործում եմ անգամ 20 տարուց ավելի»:
Բադեյանն ընդգծեց, որ ԱՊՀ երկրներում Հայաստանում ամենաշատն են գազաբալոններով շահագործվող մեքենաները՝ կազմելով 95 տոկոս: