ՀՀԿ խմբակցության անդամների և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների երկօրյա հանդիպումների ընթացքում ՀՀԿ-ական պատգամավորները հանդես են եկել մի շարք առաջարկություններով, որոնց մեծ մասը վերաբերել են սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվող կայուն մեծամասնության դրույթին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Կարծես թե ձեռք է բերվել ոսկե միջին, որը մի կողմից չափազանց լայն հնարավորություն է տալիս առաջին փուլը հաղթահարած ուժերին, երկրորդ՝ թույլ չի տալիս պերմանենտ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, և պետությունը մնա առանց կառավարության»,- նշեց նա:
Գ. Մինասյանի ներկայացմամբ, քննարկումների ժամանակ եկել են մի տարբերակի, ըստ որի՝ ընտրության առաջին փուլից հետո, եթե որևէ մի ուժ մեծամասնություն չի ստանում, ապա առաջին փուլը հաղթահարած քաղաքական ուժերը կարող են ստեղծել կոալիցիա ու այդ կոալիցիայով ստանալ մեծամասնություն, այսինքն՝ ամեն- ինչ կարող է ավարտվել առաջին փուլուվ:
«Կարևոր է, որ այստեղ որևէ սահմանափակում չկա. չի բացառվում, որ կոալիցիայի մեջ ինչ որ ուժ չհայտնվի, այդ թվում նաև չհայտնվի դոմինանտ ուժը: Այսինքն, կարող է մի ուժ ստացել է 40 տոկոս ու չի ուզում որևէ մեկի հետ կոալիցիայի մեջ մտնել, և մյուս 60 տոկոս ստացած ուժերը կարողանում են միավորվել ու 50 և ավելի տոկոս ձեռք բերել: Սա չափազանց լայն հնարավարություն է, որ առաջին փուլով ընտրություններն ավարտվեն: Սակայն եթե չի ստացվում, խորհրդարանն այդ ժամանակ կարող է հնարավորություն ունենալ առաջարկել երկրորդ փուլ՝ իր ընտրական օրենսգրքով»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: