ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ԳԴՀ-ում այսօր հանդիպել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU)-ի նախագահի և գործադիր տնօրենի հետ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Աշխատանքային այցի առաջին օրը նախարար Արամայիս Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) նախագահ Օլաֆ Չիմփքեյի և գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերի հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման համատեքստում Էկոհամակարգերի ուսումնասիրությանը, բնության հատուկ պահպանվող նոր տարածքների նախագծման ու ստեղծմանը, առկա պահպանվող տարածքներին աջակցություն ցուցաբերելուն և էկոտուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումների շրջանակում: Քննարկվել են նաև Էկոկրթության ոլորտում փորձի փոխանակման հարցեր:
Կողմերը բարձր են գնահատել ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության համագործակցության ներկա մակարդակը և կարևորել դրանց հետագա զարգացումն ու խորացումը:
