Հայաստան Քաղաքական 

Ուղղակի և անուղղակի ընտրությունները պարզապես հետքայլ են. Դավիթ Թումանյան

Սահմանադրության նախագծում կան մի քանի հոդվածներ, որոնք քաղաքական փոփոխություններ են և ազդելու են երկրի տեղական ինքնակառավարման վրա: Այդ մասին այսօր կազմակերպված «Սահմանադրական փոփոխությունները և տեղական ինքնակառավարման համակարգը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը:

Նրա պնդմամբ, Սահմանադրությունը փոխելու կարիք չկար, քանզի տեղական ինքնակառավարման համար այն դժվարություններ չէր ստեղծում:

Միավորման նախագահի մտահոգությունն առաջացրել է ՏԻՄ հատվածին վերաբերող այն դրույթը, որի համաձայն համայնքի ղեկավարը կարող է ընտրվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: Նրա խոսքով, դա նշանակում է, որ տարիներ հետո ականատես կլինենք, որ տվյալ համայնքի ղեկավարն անուղղակի է ընտրվել: Ավելին, Մովսիսյանի կանխատեսմամբ, այս Նախագծով միտում կա Հայաստանում լայնածավալ խոշորացում իրականացնել:

Քննարկմանը ներկա «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը հետքայլ է համարում ՏԻՄ ղեկավարի ուղղակի և անուղղակի ընտրությունները:

«Գործող Սահմանադրությունում շատ վատ է ձևակերպված ՏԻՄ կառավարման հարցում բնակիչների մասնակցության հարցը: Ձևակերպումների խնդիրներ կան առաջարկվող նախագծում: Ուղղակի և անուղղակի ընտրությունները պարզապես հետքայլ են, և այստեղից կարելի է ենթադրել, որ միտում կա գնալու դեպի անուղղակի ընտրությունների, մինչդեռ ժողովրդավարական երկրներում ընտրություններն ուղղակի են»,-եզրակացրել է Թումանյանը:

Նշենք, որ խոսքը Սահմանադրության նախագծի 180-րդ հոդվածի մասին է, որի 1-ին կետը սահմանում է հետևյալը. «Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Օրենքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն»:

 

Նույն շարքից