Հայաստան Քաղաքականություն 

Երկակի ստանդարտներից խոսելիս պետք չէ առանձնացնել միանգամից ՌԴ-ին. Վահան Շիրխանյան

analitik.am

«Մենք, ձեզ հետ միասին՝ մամուլի օգնությամբ, սրում ենք իրական վիճակը, այնքան, որքան ինքը չկա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության՝ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Շիրխանյանը նշել է, որ հանրությունը և հատկապես ԶԼՄ-ները, չափազանցում են սահմանային իրավիճակի սրությունը:

«Մենք 21 տարի է զինադադարի պայմաններում ենք և երբեք չի դադարել սահմանին ընդհարումները, կրակոցները, փոխադարձ սպանությունները»,-նշել է նախկին փոխնախարարը:

Շիրխանյանը երկակի ստանդարտներով դիտարկում է որակել՝ ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հետ կապված հայկական կողմի մտահոգությունները:

«Երկակի ստանդարտներից խոսելիս պետք չէ առանձնացնել միանգամից ՌԴ-ին, որովհետև երկակի ստանդարտների մաստեր կարգավիճակն ունի ԱՄՆ»,-ասաց նա և ընդգծեց, թե ՌԴ-ն Հայաստանի դաշնակից երկիրն է և պետք է զգույշ մոտենալ ռազմական անվտանգության խնդիրներին, դրանք փնթիություն չեն սիրում:

«Այո՛, զենք վաճառել է Ադրբեջանին Ռուսաստանը, բայց զենք վաճառել է նաև Իսրայելը, Ուկրաինան, Բելառուսը, Գերմանիան, Թուրքիան, ես բոլորովին չեմ հավատում, որ հայ զինվորների վրա կարկում են ՌԴ-ից բերված զենքով»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ն (որի անդամ է նաև Հայաստանը) լռում հայ–ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին, Շիրխանյանը նշեց, թե ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգությունն է ապահովում և դա վերաբերում է պատերազմական գործողություներին: «Իսկ պատերազմական գործողություններ չկան»,-ասաց նա:

«Ադրբեջանը ոչ թե հարձակում է գործում Հայաստանի վրա, այլ ահաբեկչություն է իրականացնում Հայաստանի, Արցախի, նաև միազգային կառույցների նկատմամբ: Ադրբեջանը տեռորիստական երկիր է, և ՀՀ-ի պատասխանը պետք է լինի հակատեռորիստական գործողություն»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Վահան Շիրխանյանը:

Նույն շարքից