Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանն իրեն պետք է հավասար զգա իր ռազմավարական գործընկերոջ հետ. Լարիսա Ալավերդյան

analitik.am

Ռուսաստանի շահերը թույլ չեն տալիս, որպեսզի այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքեր ՀՀ սահմանային լարվածության մասին Նախագահ Սերժ Սարգսյանի մտահոգությանը, որի մասին ՀՀ Նախագահը բարձրաձայնեց Պուտինի հետ սեպտեմբերի 7-ին ունեցած հանդիպմանը, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը։

«Չի գտնում, որովհետև հարմար պահ է, երբ պետք է առևտուր անի Ադրբեջանի հետ զենքի վաճառքի հարցով: Իսկ սա կոչվում է քաղաքականություն, որտեղ Պուտինը պահպանում է Ռուսաստանի շահը և նաև դրանով մարտահրավեր է ՀՀ իշխանություններին, որ իրենք էլ պետք է պահեն իրենց ազգային շահը»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի պնդմամբ՝ Հայաստանն իրեն պետք է հավասար զգա իր ռազմավարական գործընկերոջ հետ և այստեղ պետք չէ գտնել մեղավորներ: «Մենք պետք է նայենք մեզ և ինքներս մեզ ուժեղացնենք»,- ասաց նա:

Ալավերդյանի խոսքով՝ այն փոքր պետությունները, որոնք չեն կարողանում հասնել խաղաղության՝ պետք է հույսը դնեն իրենց ժողովրդի կարողությունների վրա, այդ թվում նաև դիվանագիտական կարողությունների վրա:

«Այս մասշտաբների պատերազմների մեջ, որը թույլ է տրվում եռապետությունների կողմից, այո՛, Հայաստանն այդ ուժն ունի, որ դիմակայի: Դա գիտի Ադրբեջանը, գիտի իր հետ համագործակցող պետությունները և գերկորպորացիները, ինչպես օրինակ՝ «Բրիթիշ պետրոլյումը»»,-ասաց նա և հավելեց, թե այնտեղ, որտեղ խոսքը ռեալ ժողովրդի ուժի և ոգու մասին է, մենք դա ունեք, և իշխանությունը հենց դրա վրա էլ հիմնվում է:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ երկարատև ստրատեգիական հարաբերությունների մեջ Հայաստանը պետք է մնա և կարողանա որևէ մեկի հետ չխզել հարաբերությունները՝ զուգահեռ՝ պահպանելով ազգային շահը:

Նա նաև նշեց, թե հստակ պետք է իմանալ, որ Ռուսաստանը պայքարել և պայքարելու է՝ թույլ չտալով ԱՄՆ-ին սուպերպետություն զգալ այս տարածաշրջանում: Ալավերդյանը նկատեց, թե ինքը դեմ է, որ աշխարհում մեկը լինի ամենաուժեղը: «Կողմ եմ կոնկուրենցիային, քան որևէ մեկը գերակա դիրք ունենա և պահանջներ ներկայացնի: Եթե ՌԴ-ն իրեն դնի սուպերպետության դիրքում և չկարողանա հաստատել խաղաղություն աշխարհում, ես նաև նրան դեմ կլինեմ»,-ասաց նա:

Նույն շարքից