Վերլուծական գլխավոր 

Հովիկ Աբրահամյանը առաջարկել է քանդե՞լ ՀՀ տնտեսությունը

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին որոշ լրատվական կայքեր  փոխանցեցին, որ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյում ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առեւտուրը դոլարին կապելուց: Այս լուրի իսկության  հետ կապված Analitik.am-ն ուներ որոշակի կասկածներ, ինչի համար էլ կապ հաստատեցինք անգամ  ռուսական ՏԱՍՍ կայքի  հետ, որին որպես սկզբնաղբյուր նշել էին կայքերը:

Analitik.am-ը շարունակում է չհավատալ նրան, որ ՀՀ վարչապետը նման բան է ասել Գրոդնոյում, քանզի այդ կոչը ՀՀ տնտեսությանը բավականին վնաս հասցնող կոչ էր՝ այսինքն ուղղված էր հենց Հայաստանի դեմ: Չար լեզուներն ասում են, որ Հովիկ Աբրահամյանը նման կոչ է արել ռուսական իշխանություններին հաճոյանալու համար, սակայն մենք չենք հավատում այդ չար մարդկանց: Ահա թե ինչու՝ ռուբլով առևտրի անցնելու դեպքում ՀՀ տնտեսությունը կունենա հետևյալ  հիմնական կորուստները.

Կարճաժամկետ ժամանակահատվածում՝  զուտ առաջարկի և պահանջարկի տեսանկյունից, եթե որևէ ապրանքի պահանջարկն ավելանում է, ապա դրա գինը բարձրանում է: Տվյալ դեպքում բացառություն չէ ռուբլին , ուստի ԵՏՄ տիրույթում ռուբլով առևտրի դեպքում  կլինի  ռուբլու կտրուկ արժևորում, հետևաբար՝ հայկական դրամի, ինչպես նաև ԵՏՄ անդամ այլ պետությունների ազգային արժույթների  արժեզրկում:  ՀՀ-ի դեպքում այն ավելի ցայտուն կարտահայտվի,  քանի որ ՀՀ-ն հանդիսանում է ներկրող պետություն, ինչի մասին վկայում է մեր վճարային հաշվեկշիռը: Կստացվի, որ 1 ռուբլու դիմաց մենք կվճարենք ավելի շատ հայկական դրամ, ինչն իր հերթին ենթադրում է  ապրանքների և ծառայությունների գների բարձրացում՝ հետևաբար նաև ներդրումների կրճատում:

Փաստացի կունենանք գնաճ և ներդրումների կրճատում:

Երկարաժամկետ ժամանակահատվածում՝  ներդրվող կենսաթոշակային համակարգի խնդրի մասով կունենանք լուրջ կորուստներ: Ինչպես գիտենք, այդ համակարգով  նախատեսվում է տարեկան միլիոնավոր դրամներ հավաքագրել և դրա զգալի մասը շրջանառել դրսում՝ դոլարով: Արդյունքում՝  հնարավոր դրամի արժեզրկումը կամ շրջանառությունից դուրս գալը՝ այսինքն ռուբլով առևտուր կատարելը և հետագայում միասնական արժույթին անցնելը,  կարող է լուրջ վնասներ հասցնել այն քաղաքացիներին,  որոնք արդեն ընդգրկված են կուտակային  կենսաթոշակային համակարգում:

Պարզ ասած՝ մոտավորապես կլինի այն, ինչ եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մարդիկ կստանան իրենց խոստացված թոշակները, որոնք կոպեկի արժեք չեն ունենա:

Վարչապետի մամուլի ծառայությունից հաստատել են, որ Հովիկ Աբրահամյանը նմանատիպ առաջարկ է արել  Գրոդնոյում՝ հատուկ նշելով, որ դա վերաբերվել է միայն էներգակիրների առևտրին: Մենք գիտենք, որ բոլոր ԶԼՄ-ները՝ այդ թվում ռուսական, ցանկանում են արատավորել մեր հայրենասեր և տնտեսական հաշվարկների հիման վրա որոշումներ կայացնող վարչապետի անունը սուտ-սուտ լուրեր հրապարակելով, ուստի հենց այդ պատճառով էլ հատուկ ռուսերենով այլ բան են գրել:  Նախանձ մարդիկ ասում են, որ անգամ Մեդևվեդևն է զարմացել (բնական է ուրախությունից) և   նույն ժողովի ժամանակ իր հերթին  համեստորեն կոչ է արել ԵՏՄ անդամ երկրներին  հնարավորինս պահպանել սեփական արժույթը՝ թույլ չտալով վերջինիս արժեզրկում: Մենք վստահ ենք, որ ՀՀ վարչապետի համապատասխան բաժինները ՛՛կպատժեն սուտ տեղեկատվություն տված՛՛  ԶԼՄ-ներին, ովքեր ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Հովիկ Աբրահամյանն  իր ղեկավարած տնտեսությունը կարող է քայքայել՝ հանուն ՌԴ իշխանություններին հաճոյանալու:

 

 

Նույն շարքից