Հայաստան Քաղաքականություն 

Ո՞վ էր գրել Հովիկ Աբրահամյանի «հուշաթերթիկը». news-book.am

analitik.am

Բելառուսում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ ԵԱՏՄ շրջանակներում բոլոր հաշվարկների կենտրոնում ռուբլին դնելու մասին, շոկային իրավիճակ է ստեղծել Հայաստանում: Կարծում ենք՝ նաև Ղազախստանում ու Բելառուսում: Այս հայտարարությունը հաստատում է այն միտքը, որ Ռուսաստանը ցանկանում է ԵԱՏՄ ողջ տնտեսությունն ու ֆինանսական գործարքները առնել իր ենթակայության տակ՝ այսպես ռուբլին դարձնելով այս տնտեսական տարածքում գլխավոր արժույթ:

ԵԱՏՄ անդամ երկրներում այսուհետև ռուբլին դարձնելով չափման ու հաշվարկային միավոր՝ տվյալ երկրները նպաստելու են ռուբլու հզորացմանը՝ դուրս մղելով ամերիկյան դոլարը: Հիշեցնենք, որ ժամանակ առաջ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր իր երկրի կառավարությանը աշխատանքներ տանել ԵԱՏՄ շրջանակում մեկ միասնական դրամական միավորի ստեղծման ուղղությամբ:

Հիմա, այլևս նոր միավոր չառաջարկելով, Ռուսաստանը կամենում է, հանուն իր տնտեսության ու ֆինանսական կառույցների ամրապնդման, ԵԱՏՄ անդամ երկրներին բերել իր ֆինանսական դաշտ, հաստատել իր գերիշխանությունը: Եվ այս ցանկությունը հաղորդվում է Հայաստանի վարչապետի շուրթերով: Այսինքն, այն երևութականությունն է ստեղծվում, թե «շարքերն» են հուշում ու պահանջում, իսկ Ռուսաստանը՝ ամլիկ գառի կեցվածք ընդունած, անտեղյակ է այս գաղափարին:

Բայց եթե գաղափարը կա, հանուն իր գործընկերների, Ռուսաստանը ստիպված է համաձայնել: Որքան ծիծաղելի, նույնքան տխուր է այս ամենը, որովհետև, բացի Ռուսաստանի տնտեսական շահին սպասարկելուց, Հայաստանը ներքաշվում է նեոբոլշևիկյան մեթդների վերականգնումների մեջ, որդեգրում այն գործելաձևը, ինչը ընդունված ու հաստատված էր ԽՍՀՄ-ում: Հիշենք, թե ինչպես էին միութենական հանրապետությունները հանդես գալիս այս կամ այն նախաձեռնությամբ՝ ըստ էության, դառնալով Կրեմլի կամակատարները:

Հիմա Հայաստանն է ստանձնել կրեմլյան նկրտումները սպասարկողի և հանրահռչակողի դերը՝ այսպես մեկ անգամ ևս հաստատելով, որ Պուտինը Հայաստանին շանտաժով դեպի ԵԱՏՄ է տարել՝ իր խամաճիկը դարձնելու համար: Իսկ թե ռուբլին ինչ ազդեցություն կունենա ազգային դրամական միավորի վրա, ինչպես դուրս կմղի դրամը, ինչպես այսուհետև Հայաստանի ողջ տնտեսությունը կդնի Ռուսաստանից կախվածության մեջ՝ հայաստանյան իշխանությունները կամ չեն մտածել, կամ էլ ստիպված են եղել հերթական անգամ ենթարկվել Կրեմլին: Ուրեմն, ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի ելույթի «հուշաթերթիկը» գրվել էր Կրեմլում:

Լևոն Մութաֆյան

Նույն շարքից