Հայաստանում այս պահին մինչեւ 18 տարեկան ավելի քան 2700 երեխա կա պարբերական հիվանդությամբ: Այդ մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողներին պատմել են Արաբկիր բուժկենտրոնին կից մանկական պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնի ղեկավար Գայանե Ամալյանը ու այդ նույն կենտրոնում դիսպանսերի համակարգող Նունե Մկրտչյանը:
Մասնագետի խոսքով, ամեն տարի ախտորոշվում է երեխաների մոտ պարբերական հիվանդության 300-350 նոր դեպք, իսկ Գենետիկայի երևանյան կենտրոն շաբաթական մոտավորապես 60 հիվանդ է գալիս ՝ այս հիվանդությունը ստուգող անալիզներ հանձնելու:
Հայաստանում հիվանդության տարածվածությունը մասնագետները բացատրում են երկու գործոնով . ախտորոշումը մեր երկրում լավացել է, ինչը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ ու ավելի արագ ախտորոշել հիվանդությունը և երկրորդ՝ մուտացիայի ենթարկված գենը, որը պատասխանատու է պարբերական հիվանդության համար, շատ տարածված է Հայաստանում:
Պարբերական հիվանդության հիմնական բուժումը համարվում է Կոլխիցին դեղամիջոցը, որը կարելի է ընդունել նաև հղի ժամանակ: Այն չունի բացասական ազդեցություն, չի փչացնում առողջ գեները: Կարևոր է վաղ տարիքում ախտորոշել և բուժում նշանակել: