Թումանյանի ծննդավայր Դսեղում մեկնարկել է «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը:
Այս տարի փառատոնը նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին և դիտարկվում է որպես տիկնիկային արվեստի գործիչների միջազգային հայկական կենտրոնի՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախաձեռնությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո կազմակերպված «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսություն» ծրագրի շարունակությունը:
Լոռու մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ փառատոնի բացմանը ներկա են եղել Վրաստանից, Լիտվիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Բուլղարիայից ժամանած տիկնիկային թատրոնների ներկայացուցիչներ: Ներկաները ծաղկեպսակ են խոնարհել Հովհաննես Թումանյանի հուշարձանին:
«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի շրջանակներում պարգևատրումներ ևս եղել են: Վերջում ցուցադրվել է նաև Թումանյանի «Տերն ու ծառան» տիկնիկային ներկայացումը: Փառատոնի շրջանակում անցկացվում են նաև վարպետության դասեր և քննարկումներ:
Լոռու մարզից փառատոնին մասնակցում են Վանաձորի և Սպիտակի քաղաքապետարանների, ինչպես նաև Ստեփանավանի ժամանցի կենտրոնի տիկնիկային թատրոնները: Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը, իսկ 12-ին տեղի կունենա հանդիսավոր փակումը: