Քունը կարևոր դեր ունի ուղեղի աշխատանքի համար, քանի որ քնելու ընթացքում ուղեղը վերալիցքավորվում է: Քնի և ուղեղի աշխատանքի կապը ևս մեկ անգամ ուսումնասիրելու համար կենսաբանները նոր փորձարկում են արել մկների վրա՝ նրանց ուսուցանելով տարբեր հմտություններ: Ուսուցումից հետո մկների մի խումբը քնել է, իսկ մյուս խմբին զրկել են քնելու հնարավորությունից: Որոշ ժամանակ անց մասնագետները ստուգել են, թե մկների որ խումբն է լավ հիշել սովորածը, և պարզվել է, որ քնի պակաս ունեցողները դժվարացել են հիշել: Հատուկ փորձարկումների արդյունքում պարզ է դարձել, որ քնի ժամանակ ուղեղում արտադրվում է սինափսներ, նեյրոնների միջև կապեր, որոնք լավացնում են հիշողությունը: Քնի երկարատև բացակայությունն էլ բերում է ուղեղի բջիջների ոչնչացման:
Գիտնականները կարծում են, որ հնարավոր է՝ հետագայում ստեղծել քիմիական մի դեղամիջոց, որը կօգնի վերականգնել ոչնչացված բջիջները: Քիմիական դեղամիջոցների ստեղծմանը սպասելու փոխարեն ավելի լավ է չչարաշահենք մեր ուղեղի աշխատանքը և քնելուն ժամանակ հատկացնենք: