Հայաստան Քաղաքականություն 

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության իրավական նոր հենքի ստեղծման քայլերը

analitik.am

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումով նախօրեին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ֆիլիպ Համոնդը կարևորել է բարձր մակարդակի ակտիվ շփումների շարունակականությունը։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ վերջին շրջանում հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, խորհրդարանական շփումները, ակտիվացել են գործարար կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընլայնման համար։ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։

Նախարարներն անդրադարձել են  Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, համագործակցության իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների, ահաբեկչության դեմ ուղղված միջազգային հանրության պայքարին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնություններին և դրա հետ կապված զարգացումներին։

ՀՀ արտգործնախարարը քարտուղար Համոնդին ներկայացրել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումները և դրանց խորհուրդը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ս.թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման բանաձևը Մեծ Բրիտանիայի կողմից համահեղինակելու համար։

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել ՄԹ եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել հայ-բրիտանական հարաբերությունները, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման ուղիները, միջազգային մի շարք խնդիրներ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները: Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարարը իր երկրի աջակցությունն է հայտնեց այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել ԲիԲիՍի հեռուստաընկերությանը։

 

Նույն շարքից