Հայաստան Քաղաքականություն 

Մինչ սեպտեմբերի վերջ կտրվի վերլուծություն՝ էլէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավո՞ր է, թե ոչ. փոխվարչապետ

analitik.am

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց, թե ինչ փուլում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Դելոյթ ընդ Տուշ» ընկերության կողմից տրվող խորհրդատվության ընթացքը։ Նա մասնավորապես նշեց, որ ընկերությունը արդեն ձեռնամուխ է եղել աշխատանքներին։

«Երկու օր առաջ տեղի են ունեցել հանդիպումներ ՀԾԿՀ-ի մասնագետների, ինչպես նաև կարգավորող ընկերությունների հետ։ Համաձայն պայմանագրի աշխատանքները բաժանված են երեք փուլի, որոնք միասին կավարտվեն նոյեմբերին»,-ասաց նա։

Նա նշեց, որ առաջին փուլում տրվելու է ամբողջ արտադրական շղթայի վերլուծություն՝ սկսած արտադրողից մինչև սպառող` 2010-2015թթ-ի համար։

«Իրականացվելու է նաև ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների ձևավորման գործընթացի վերլուծություն»,-ասաց նա։

Վարչապետը հետաքրքրվեց, թե սահմանված նոր սակագնի ճշտության հիմնավորումը արդյո՞ք կտրվի մինչև սեպտեմբերի վերջ, ինչին դրական պատասխանեց փոխվարչապետը. «Այո, մասնավորապես այդ եզրակացությունը կունենանք աշխատանքների առաջին փուլում, 2015-2016թթ-ի սակագնի, ինչպես նաև դրանց փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ ՀԾԿՀ-ի գործողությունների գնահատում և սակագնի չբարձրացման հետևանքների գնահատում»։

Վարչապետը խնդրեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին բնակչությանը ՓՄՁ-ին սակագնի փոխհատուցման ծավալների ճշգրտման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել։

«Ցուցակները ճշտվում են և մինչև շաբաթվա վերջ հայտնի կլինեն։ Որից հետո մյուս շաբաթ, մինչև սեպտեմբերի 20-ը մենք կանենք վճարումները»,-ասաց նախարարը։

Վարչապետը հանձնարարեց հանրությանը պատշաճ կերպով տեղյակ պահել, որ թյուրըմբռնում չլինի, թե կառավարությունը ոչինչ չի անում։

Նույն շարքից