Հայաստան Քաղաքականություն 

Դրամը պետք է թուլացնել, և կարծում եմ՝ կառավարությունը կգնա այս ճանապարհով. Խոսրով Հարությունյան

analitik.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների հանդիպմանը և փաստեց, թե ինչպես Նախագահներն արձանագրեցին՝ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները բավական ընդգրկուն օրակարգ ունեն: Նա նկատեց, թե հիմնականում քննարկվել է երեք գլոբալ հարց՝ անվտանգության ոլորտ, տնտեսության ոլորտ և էներգետիկայի ոլորտ:

«Ահա այս հանդիպման ժամանակ որոշ դրական տեղաշարժեր արձանագրվեցին»,-ասաց նա և առանձնացրեց համաձայնությունը, որ ձեռք է բերվել Զինված ուժերն արդիականացնելու ուղղությամբ և շեշտեց, որ ռազմավարական փոխշահավետությունն աներկբա է:

Պատգամավորը հատկապես առանձնացրեց ներմուծվող գազի գնի նվազեցումը 24 դոլարով: Հարությունյանը նշեց, որ երկու հնարավորություն է բացում այդ պայմանագիրը՝ գազի իրացման գները ներքին շուկայում կարող են փոխվել, և մեկ այլ հնարավորություն էլ, ըստ նրա, այն է, որ երկարաժամկետ հատվածում տնտեսությունը կարելի է խթանել:

«Իմ  տեսակետից՝ ոչ այդքան կարևոր է սակագնի իջեցումը, որքան արտահանման առումով դրամի արժևորումը»,-ասաց նա և նշեց, թե գնալով արտահանման ծավալները նվազում են, որովհետև դրամը արժևորվում է ռուբլու ու դոլարի փոփոխության պայմաներում:

«Հարց է ծագում, որ դրամը պետք է թուլացնել, և կարծում եմ՝ կառավարությունը կգնա այս ճանապարհով»,-ասաց նա և նշեց, թե սա հնարավորություն է տալիս վերանայել ԿԲ դրամավարկային քաղաքականությունը դեպի դրամի արժեզրկումը:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կա՛մ սեփական նախաձեռնությամբ, կա՛մ ինչ-որ մեկի նախաձեռնությամբ կարող է դիմել «Գազպրոմին», որպեսզի նվազեցնի գազի սակագինը:

«Բայց, իմ պատկերացմամբ, կգնան այնպիսի լուծումների, որոնք հնարավորություն կտան տնտեսությանը շնչել»,-ասաց նա:

Նույն շարքից