Հասարակություն գլխավոր 

Էռնեկյանը ՀՀ կառավարությանը կվճարի 2.5 միլիոն դոլար «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը քանդելու համար

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը ստեղծագործական արժեք է ներկայացնում և այն քանդել չի կարելի: Այսօր Անալիտիկ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ նշելով, որ օդանավակայանի նոր համալիրը կառուցվեց այնպես, որ հինը չխանգարի:

«Սովետական ժամանակաշրջանի քաղաքաշինությունը միշտ արժանացել է բարձր գնահատականի և պետական պարգևների, մենք պետք է դրանք ամեն գնով պահպանենք»,-նշեց նա:

Ճարտարապետն ասաց, իր համար անհասկանալի է, թե ինչից հետո որոշեցին, որ այդ շենքը պետք է քանդել. «Սկսեցին բարձրացնել շենքի վթարայանության հարցը: Նշում են, որ ավելի նպատակահարմար է քանդել և կառուցել նորը, և որ շատ ծախսատար է ամրացնել հինը: Շենքը վարձակալությամբ վերցրած Էռնեկյանն ասել է, որ ավելի հարմար է ՀՀ կառավարությանը վճարել 2,5 միլիոն դոլար, որ քանդեն հինը, որի փոխարեն էլ իրենք կկառուցեն նորը, քան 15-20 միլիոն դոլար ծախսել հինն ամրացնելու համար»:

«Զվարթնոց» օդանավակայանի այդ շենքը մինչև 2040 թվականը վարձակալությամբ տրված է արգենտինահայ գործարար Էռնեկյանին, ով տեղյակ է , որ շենքը մշակութային հուշարձան է, սակայն դա նրան չի հետաքրքրում:

Ճարտարապետ Քալաշյանն ասաց, որ իրենք օդանավակայանի հին մասնաշենքի և մի քանի այլ շենքերի համար դիմել են մշակույթի նախարարությանը՝ դրանք պետական մշակութային հուշարձանների ցանկում գրանցելու համար, սակայն գործընթացն արդեն մի տարի է շարունակվում է և որևէ արձագանք չկա:  Նախարարությունից նրանց ասել են, որ գործընթացը երկար է, քանի որ համապատասխան փաստաթղթերի մշակման և ուսումնասիրման աշխատանքները ժամանակ են պահանջում: Ըստ Քալաշյանի անհասկանալի է, թե ինչպես է Կառավարությունը քանդման որոշում կայացրել՝ առանց սպասելու Մշակույթի նախարարության պատասխանին:

Լրագրողի այն հարցին, թե շենքը քանդելու համար իրականում 2.5 միլիոն դոլար է անհրաժեշտ, Քալաշյանն ասաց, որ իր կարծիքով 500 000 դոլարն էլ բավական է, իսկ թե 2 միլիոն դոլարն ինչի համար է պահանջել կառավարությունը, չի կարող ասել:

Նշենք, որ հին մասնաշենքի քանդման արդյունքում առաջացած բետոնե խիճը և կցամասերը իրենցից բավականին արժեք են ներկայացնում և հավելյալ գումար կբերեն, ուստի հարց է առաջանում, թե ինչու է Կառավարությանը քանդման գործընթացն իրականացնելու համար 2.5 միլիոն դոլար անհրաժեշտ:

Քալաշյանը նաև ասաց, որ այս պահին օդի մեջ է «Զվարթնոց»-ի հին շենքի հետագա ճակատագիրը:

MHMS00838-copy-472x265

Նույն շարքից