Հայաստան Քաղաքականություն 

Մոնիտորինգի տվյալներով, ամենադեմ պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է

analitik.am

Ազգային ժողովի ինչպես նախորդ նստաշրջաններում, 7-րդ նստաշրջանում ևս ամենակողմ խմբակցությունը եղել է Հանրապետականը, ամենադեմը` Հայ Ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», ամենաձեռնպահ խմբակցությունը Դաշնակցությունը: Այդ մասին այսօր հայտարարեց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը` ներկայացնելով խորհրդարանի աշխատանքի մոնիտորինգի տվյալները:

Ինչ վերաբերում է պատգամավորների բացակայություններին, Վասիլյանը տեղեկացրեց, որ այս նախորդ նստաշրջանում ևս բացակայությունների մեծ թվով աչքի է ընկել Գագիկ Ծառուկյանը:

«Նա նորից բացառիկ ցուցանիշ է գրանցել` որևէ նիստի չմասնակցելով», -հավելեց ծրագրի ղեկավարը:

Մոնիտորինգի տվյալներով, ամենադեմ պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է, իսկ բացարձակ ցուցանիշով կողմ քվեարկած պատգամավորը եղել է Հանրապետական խմբակցության անդամ Մնացական Մնացականյանը:

Ամենաակտիվ պատգամավորի դիրքերը զբաղեցրել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ճիշտ է որոշակի կերպով զիջել է դիրքերը, բայց, ըստ մոնիտորինգի տվյալների, շարունակում է ակտիվ խորհրդարանական գործունեություն ծավալել:

Փոփոխություն է կատարվել ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության վարքագծում: Ըստ Վասիլյանի, ռեկորդային ակտիվություն է դրսևորել այս խմբակցությունը:

«7-րդ նստաշրջանում նրանց 5 պատգամավորները հնչեցրել են 200-ից ավելի հարց ու ելույթ, գրեթե այնքան, որքան 70 հոգուց բաղկացած Հանրապետական խմբակցությունը»,-հավելեց Լուսինե Վասիլյանը` նկատելով, որ ՕԵԿ-ն հատկապես ակտիվացել է, երբ դուրս է եկել կոալիցիայից:

Նույն շարքից