Նախագահներ Սարգսյանի և Պուտինի հանդիպումը երկու դաշնակից երկրների նախագահների արդյունավետ հանդիպում էր, որի ընթացքում անդրադարձ է կատարվել լայն հարցերի՝ անվտանգության հարցերից մինչև հումանիտար: Հայաստանը շարունակելու է իր անվտանգության համակարգերի ամրապնդումը, որի մեջ լուրջ դերակատարում կունենա ՌԴ-ն:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ավելացնելով. «Պարոն նախագահը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ իր հանդիպման արդյունքները, ուզում եմ ընդամենը տեղեկացնել, որ մենք շատ բարձր ենք գնահատում նախագահներ Սարգսյանի ու Պուտինի հանդիպումը: Դա երկու դաշնակից պետությունների նախագահների արդյունավետ հանդիպում էր»: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց նաև.«Եվ ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանը պետք է շարունակի իր դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՌԴ-ի հետ: Անվտանգության հարցերը, գիտեք, որ մեզ համար շատ կարևոր են»:
Հանրապետական պատգամավորը հիշեցրեց, որ այդ այցի շրջանակներում պաշտոնապես ձևակերպվել է 200 միլիոն դոլարանոց ռուսական վարկի տրամադրումը Հայաստանին, որն էլ օգտագործվելու է գերժամանակակից զինվորական տեխնիկա գնելու համար:
Քննարկվել է Ղարաբաղյան հարցը, և ՌԴ-ն` որպես համանախագահ երկիր ԵԱՀԿ Մինսկի խմբում, ևս մեկ անգամ վերահաստատել է, որ այն պետք է ունենան խաղաղ լուծում
Ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձ՝ սահմանադրական բարեփոխումների ընթացքին: ՀՀԿ խոսնակի հավելմամբ՝ նշված հարցերն են քննարկվել Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում:
Նիստը վարել է կուսակցության նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: