Հայաստան Քաղաքականություն 

Աշնանն ընդառաջ դարձյալ սրացումներ եղան ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում. Կարեն Բեքարյան

analitik.am

Աշնանն ընդառաջ դարձյալ սրացումներ եղան ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում, և սա որոշակի տարբերություններ ունի մինչ այդ եղածներից, քանի որ զինատեսակը փոփոխություն է կրում: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

«Մինչ այս այսպիսի զինատեսակ չէին օգտագործում, և սա արդեն դարձել է խաղի կանոն ադրբեջանցիների կողմից: Նմանատիպ իրավիճակներում մի շարք հարցեր են առաջանում, քանի որ մի բան պարզ է, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքական զարգացումների հետ ուղիղ կապ ունի: Դրանից ելնելով՝ ակնկալել, որ ներքին անհանդուրժողականության դեպքում սահմանին անհանդուրժողականությունը չի աճելու, միամտություն կլինի»,-ասաց Կարեն Բեքարյանը:

Նրա գնահատմամբ՝ այս ամենում իրենց որոշակի պատասխանատվությունն ունեն նաև միջազգային կազմակերպությունները, որոնք փորձել են այս կամ այն կերպ համահարթեցնել ամեն ինչ:

«Թափված արյան պատասխանատվությունը ստանձնում են նաև այդ անպատասխանատու հայտարարությունները»,-ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահը:

Վերջինիս խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ ակնկալել, թե բանակցային գործընթացում Ադրբեջանը կարող է կառուցողական լինել:

«Հետևաբար, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այդ հանգամանքը հաշվի առնելով պետք է կառուցեն և պլանավորեն իրենց հետագա գործողությունները»,-հայտարարեց Կարեն Բեքարյանը:

Նույն շարքից