Դամասկոսի և Կահիրեի միջև դիվանագիտական հարաբերությունների շուտափույթ վերսկսման մասին որոշումը ձեռք է բերվել Սիրիայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Մամլյուկի՝ Եգիպտոս այցի արդյունքներով, որտեղ նա հանդիպել էր երկրի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ։ Այս մասին հայտնում է արաբական «Ալ-Ահբար» թերթը։
Դամասկոսը 2012-ին հետ էր կանչել իր դեսպանին Կահիրեից այն բանից հետո, երբ նրա եգիպտացի գործընկերը հայրենիք էր կանչվել խորհրդակցությունների համար՝ կապված քաղաքական շրջափակման հետ, որը կազմակերպել էին արաբական և արևմտյան երկրները Սիրիայի նկատմամբ։
Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս վերադարձնել իրենց դեսպաններին և վերսկսել դիվանագիտական հարաբերությունները լիարժեք ծավալով։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ այցի ընթացքում Մամլյուկը «դրական հանդիպումներ» է անցկացրել նաև եգիպտական բանակի բարձրաստիճան սպաների հետ։ Կողմերը քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, Եգիպտոսի դերը սիրիական ճգնաժամի կարգավորման գործում։ Կահիրեում նշել են, որ քաղաքականից բացի՝ սիրիական ճգնաժամի այլ լուծում չեն տեսնում։