Հասարակություն 

Ոստիկանությունը զգուշացրել է «Ոչ թալանին» նախաձեռնության հավաք-երթի կազմակերպիչներին, որ օրենքի խախտում թույլ չի տալու

Ազատության հրապարակում քիչ հետո կմեկնարկի «Ոչ թալանին» նախաձեռնության հավաք-երթը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Հավաքից հետո նախատեսվում է երթ դեպի Բաղրամյան պողոտա:

Ակցիայի կազմակերպիչներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանից ներկայացուցիչ, ով զգուշացրեց, որ հավաքն ի գիտություն են ընդունել, սակայն երթը՝ ոչ: Նա հույս հայտնեց, որ կգործեն օրենքի սահմաններում:

Նա հայտարարեց, այդուհանդերձ երթը կլինի, իսկ թե ինչ երթուղով՝ կորոշեն ավելի ուշ:Նախաձեռնության անդամներին մոտեցավ նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նշեց, թե ոստիկանությունը հստակ տեղեկություններ ունի, որ ժողովրդի միջից պետք է սադրիչներ լինեն, ովքեր կփորձեն փակել Բաղրամյան պողոտան, իսկ կազմակերպիչներն այդ ամենը կբարդեն ժողովրդի վրա, որ ոչինչ չեն կարող անել:

«Կխնդրեմ զերծ մնալ այդ գործողություններից, ոստիկանությունը հանդուրժողականություն այլևս չի ցուցաբերելու:  Օրենքից դուրս շեղում ոստիկանությունը թույլ չի տալու»,- ասաց Օսիպյանը:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ հակադարձեց, թե իրենք էլ տեղեկություն ունեն, որ ոստիկանությունն է  քաղաքացիական հագուստով մարդիկ բերել, որ սադրեն:

Նույն շարքից