Հայաստանը դատապարտում է Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափով զինատեսակների գործադրմամբ հրադադարի ռեժիմի խախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը, ինչը հանգեցրել է զոհերի և երկու քաղաքացիական անձանց վիրավորման: Այս մասին սեպտեմբերի 10–ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը։
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ իր ելույթում դեսպան Կիրակոսյանն անդրադարձել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ու հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով իրավիճակի սրման վերաբերյալ:
Հայաստանի դեսպանը տեղեկացրել է, որ հակամարտության գոտում իրավիճակի սրմանը զուգահեռ, Ադրբեջանը շփման գծի մոտակայքում իրականացրել է լայնածավալ զորավարժություններ 65 հազար անձնակազմի, այդ թվում՝ 6000 պահեստայինների, հարյուրավոր միավորներ տանկերի, զրահամեքենաների, հրետանու և ռազմական ավիացիայի ներգրավմամբ:
Դեսպան Կիրակոսյանը նշել է, որ հայկական կողմը խոր մտահոգություն է հայտնել նշված սադրիչ գործողությունների առնչությամբ, ինչն ուժեղացնում է ռազմական լարվածությունը տարածաշրջանում:
«Նման քայլերով Ադրբեջանն անտեսում է Բաքվին ուղղված Մինսկի խմբի համանախագահների կոչերը՝ հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին ու զերծ մնալ իրավիճակի սրումից»,– ասել է դեսպանը:
Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, հրաժարվելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկություններից, ստանձնում է հրադադարի խախտումների համար ամբողջ պատասխանատվությունը:
Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը, որ հակամարտող կողմերի հստակ հանձնառությունը հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման վերաբերյալ միակ ուղին է խաղաղ գործընթացի առաջընթացի համար: