Հասարակություն 

Սննդի անվտանգության տեսչությունը կամ լուրջ չի մոտենում հարցին, կամ լծակ չունի հարցերը կարգավորելու. Կարեն Չիլինգարյան

Սննդամթերքի անվտանգության հետ կապված մեր երկրում մեծ խնդիր կա, որի մասին հուշում են վերջին ամիսներին թունավորումների նման մասսայական բռնկումները. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ՝ Կարեն Չիլինգարյանը:

Նա թվարկեց՝ մեկ ամիս առաջ ճամբարում եղավ երեխաների մասսայական թունավորում, ապա օրեր առաջ Արարատի դպրոցում, նաև Շիրակում և այլն:

«Սննդի անվտանգության տեսչությունը կամ լուրջ չի մոտենում հարցին, կամ լծակ չունի հարցերը կարգավորելու: Ինչպես կարող է ծառայությունը կամ տեսչությունը հնարավորություն չունենա ամեն րոպե մտնել մի օբյեկտ, որտեղ սնունդ է մատակարարվում»,-ասաց նա և նշեց, որ ըստ էության, նախատեսված է ամենօրյա ստուգումներ մանկապարտեզներում և դպրոցներում, բայց փաստացի արդեն կասկածելի է, որ դրանք ձևական բնույթ է կրում:

«Սնունդը այն ոլորտն է, որ պարտադիր պետք է պայմաններ ստեղծվի, որ ցանկացած ժամանակ տեսուչը ստուգայց կատարելու հնարավորություն ունենա: Արտադրողը կամ մատակարարը պարտավոր է հանրային գործել»,- ասաց նա:

Նա նշեց, որ նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ թունավորվածների թվի շեմն անցել է: «Սա  մտահոգիչ է, ուրեմն ինչ-որ բան այնպես չի արվում»,- ասաց նա:

Իսկ թե ինչու պատժվողներ չեն լինում, ՀԿ ներկայացուցիչը ենթադրում է, որ հավանաբար կոծկում են:

«Եթե մի անգամ չբացահայտվեց, երկրորդ անգամ չբացահայտվեց, դա արդեն պարբերական բնույթ կարող է կրել: Պետք է պարզել, թե նույն մատակարարին ինչպես են ընտրում: Նախկինում հասարակական կառույցները մասնակցում էին, թե ով է մատակարարում, հիմա չգիտեն, նույնիսկ կարող է մեկի բարեկամն է կամ հարազատն է»,- ասաց նա և նշեց, թե առաջ քիչ թե շատ աշխատանք կատարվում էր և իրենք էլ ներգրավվում էին, մինչդեռ հիմա պարզ չի ստուգումներ արվում են, թե չէ:

Նույն շարքից