Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանին, որը մոտ 28 մետր շպրտվել է և տեղում մահացել:
Analitik.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով ասաց, որ դեպքը ցավալի է, անկախ նրանից, թե ով է եղել մեքենայի ղեկին:
Արթուր Գևորգյանը նաև իր ցավակցությունը հայտնեց վրաերթից մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին ու հարազատներին.
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում վրաերթից մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին ու հարազատներին: Անշուշտ, դեպքը ցավալի է, անկախ նրանից, թե ով է եղել մեքենայի ղեկին:
Նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած ոք ու քննարկման առարկա դարձնել վարորդի պաշտոնյա լինել-չլինելը, իմ կարծիքով, տեղին չէ»: