Հասարակություն 

Արմեն Աշոտյանը Բրյուսելում քննարկել է ՀՀ-ում «Էրասմուս» ծրագրի գրասենյակ հիմնելու խնդիրը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ կրթության և մշակույթի գլխավոր տնօրինության բարձրագույն կրթության արդիականացման և «Էրասմուս» ծրագրի գծով տնօրեն Ադամ Թայսոնի հետ և նրա հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել Հայաստանում «Էրասմուս» ծրագրի ազգային գրասենյակ հիմնելու հարցը:Այս մասին տեղեկացնում է Արմեն Աշոտյանը` իր ֆեյսբուքյան էջում:

Կողմերը մեծապես կարևորվել են «Էրասմուսի» ազգային գրասենյակի գործունեության մեջ բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական ներգրավումը:

Հանդիպման ընթացքում Ադամ Թայսոնը և Արմեն Աշոտյանը մտքեր են   փոխանակել  բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների, բարձրագույն կրթության զարգացման ուղղությունների, առկա մարտահրավերների, հակակոռուպցիոն ծրագրերի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների վերաբերյալ:

Ողջունելով հյուրերին` Ադամ Թայսոնը ևս մեկ անգամ հայտնել է իր տպավորությունները 2015թ. մայիսին Երևանում տեղի ունեցած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովի մասին՝ ընդգծելով կազմակերպչական բարձր մակարդակը և օրակարգում եղած հարցերի շուրջ մասնակիցների արդյունավետ ու ակտիվ քննարկումների ընթացքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար Արմեն Աշոտյանը նշել է, որ Բոլոնիայի գործընթացի եռամյա քարտուղարությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն էր ՀՀ համար և այն էապես ազդեց ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքի արագացման և որակական նոր մակարդակի բարձրացման վրա:

«Քարտուղարության փոխանցումը Ֆրանսիային ոչ միայն չի դանդաղեցի ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների և արդիականացման ընթացքը Հայաստանում, այլ ընդհակառակը, նոր թափ կհաղորդի դրան,քանզի մեր պարտավոր ենք կիսելու մեր կուտակած փորձը մեր գործընկերների հետ»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Նույն շարքից