Հայաստան Քաղաքական 

Հովիկ Աբրահամյանը «Մայքրոսոֆթ»-ի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համատեղ նոր ծրագրերի հարցը (ֆոտո)

ՏՏ ոլորտի ընկերությունների հաջող գործունեությունը մրցունակ են դարձնում Հայաստանը աշխարհի ամենազարգացած շուկաներում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կառավարությունում «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ շարունակական համագործակցությունը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի զարգացնել եւ խորացնել: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ մայիսին ստորագրված հուշագիրը եւ պայմանագիրը նոր շունչ են հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու հիմք հանդիսացել նոր ու առավել արդյունավետ ծրագրերի իրականացման համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է ՏՏ ոլորտի ընկերությունների հաջող գործունեությունը մեր երկրում եւ նշել, որ նրանք Հայաստանը մրցունակ են դարձնում աշխարհի ամենազարգացած շուկաներում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ»-ի աջակցությունը, որն իրականացվում է ՀՀ-ում գործող ինովացիոն կենտրոնի եւ այլ նախաձեռնությունների միջոցով եւ կարեւորել նոր նախաձեռնությունների շարունակական կյանքի կոչումը:

Իր հերթին, Դոն Գերնթհեմը նշել է, որ ուրախ է ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության գործում ձեռք բերված առաջընթացի համար եւ շնորհակալություն հայտնել վարչապետին՝ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած օժանդակության համար: Միաժամանակ, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարին ուղղված հարցեր: Այս համատեքստում, վարչապետը կարեւորել է «Մայքրոսոֆթ»-ի եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը՝ ՀՀ պաշտպանական համակարգը կատարելագործելու հարցում:

 

Նույն շարքից