Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ հաստատեց և օրակարգ ներառեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հիմնական զեկուցող, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը խոսեց երկրի մայր օրենքի փոփոխությունների անհրաժեշտության մասին, որի հիմքում դնում են մարդու հիմնարար իրավունքները:
Ըստ նրա՝ 1995 թ-ին հաստատված ՀՀ Սահմանադրությամբ երկրի իշխանության բոլոր ճյուղերում գերակա է եղել հանրապետության Նախագահը, որը հիմնովին փոփոխման է ենթարկվում:
«Անկախության ձեռքբերումից տարիներ անց մենք, ցավոք, չենք կարող ասել, որ ժողովրդավարությունը հաստատման հիմքերի վրա է, չենք կարող ասել, որ դատարաններն անկախ ու անաչառ են: Երկրում կայուն ժողովրդավարական կարգի հաստատումը, իրավունքի գերակայության հաստատումը լինում է, երբ որ իշխանությունները սահմանափակվում են մարդու հիմնարար իրավունքներով»,- ասաց նա և հավելեց, օգտագործվել է միջազգային փորձը:
Վարդան Պետրոսյանը մեջբերեց Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, որը նախագիծը համարել էր չափազանց բարձր որակի՝ միջազգային չափանիշերին համապատասխան:
«Մեկ այլ կետում Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է ՀՀ քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների բաց և շարունակական երկխոսությունը, որպեսզի այս փոփոխություններն ընդունվեն խորհրդարանի կողմից, հետագայում հանրաքվեի միջոցով, ինչը հետագա կարևոր քայլ կհանդիսանա Հայաստանի դեպի ժողովրդավարություն անցման համար: Չնայած նման բարձր և աննախադեպ գնահատականին, ցանկանում եմ ընդգծել, որ ո՛չ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, և ո՛չ էլ ՀՀ Նախագահը այդ գնահատականը չեն դիտարկում որպես դոգմա և պատրաստ են քննարկել և էլ ավելի կատարելագործել Սահմանադրության նախագիծը»,- ասաց նա:
Վարդան Պողոսյանն անդրադարձավ նաև հիմնական դրույթներին և նշեց, որ դրանք ամբողջովին չեն վերանայում գործող Սահմանադրության տրամաբանությունը: Ըստ նրա՝ առանց փոփոխության թողնում է նախաբանը, և անփոփոխելի հոդվածները, նաև առաջարկում անփոփոխելեի շարքին ավելացնել նաև երրորդ հոդվածը, որը վերաբերում է մարդուն և արժանապատվությանը:
Նա մյուս առանցքային փոփոխությունները ևս ներկայացրեց և նշեց, որ առաջին անգամ որդեգրվում է կայուն զարգացման սկզբունքը, որն առաջին հերթին ուղղված է ապագա սերունդների շահերի պատշաճ ամրագրմանը:
Վարդան Պողոսյանը նաև նշեց, որ կարևոր փոփոխություն է կառավարման համակարգի փոփոխությունը՝ կիսանախագահականից խորհրդարանականի անցումը: