Գլխավոր Մամուլի ակումբ 

Միասնական արժույթին անցնելու դեպքում ՀՀ-ն կկորցնի ֆինանսական և տնտեսական անկախությունը

analitik.am

«ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ստեղծումը պետք է դիտարկել փուլերով` քանի դեռ չեն ապահովել 4 տեսակի ազատությունները, հնարավոր չէ անցնել միասնական արժույթի»,- սեպտեմբերի 15-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Ըստ տնտեսագետի, բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից մեկն էլ հարցն է, թե ԵՏՄ անդամներից որ մեկը պետք է թողարկի այդ միասնական արժույթը: Մինչև միասնական արժույթին անցնելը փուլեր կան, որոնք դեռ պետք է անցնել: Կարևոր է նաև հասկանալ, թե ով է թողարկելու այդ միասնական արժույթը, եթե ՌԴ-ն, ապա այստեղ հենց նա է լինում հիմնական շահող կողմը:

Արտակ Մանուկյանը նաև նշեց, որ կարծում է՝ Բելառուսն ու Ղազախստանը չեն համաձայնվի միասնական արժույթի անցնել, քանզի դա վտանգում է երկրի տնտեսությունը. «Եթե միասնական արժույթը թողարկում է ՌԴ-ն , ապա դա նշանակում է ֆինանսական և տնտեսական կախվածության մեջ ընկնել ՌԴ-ից, ինչն էլ իր հերթին խաթարում էեշ երկրի անկախությունը:

Հենց այդ պատճառով էլ Բելառուսն ու ղազախստանը ԵՏՄ-ին միանալուց հետո փորձեցին իրենց շահերի վեկտորն ուղղել նաև դեպի Եվրոպա: Մի կարևոր հարց էլ կա՝ ՌԴ-ն ԵՏՄ անդամ երկրների հետ չի քննարկում պատժամիջոցները, որոնք կիրառում է այլ երկրների նկատմամբ, սակայն հետագայում դրանք անդրադառնալու են նաև ԵՏՄ մյուս անդամ երկրների վրա: Ստացվում է, որ պատասխանատվությունը կիսում են բոլորը, բայց որոշումն ընդունում է մեկը»:

Ըստ Մանուկյանի, եթե ՀՀ-ն կարողանա այս փուլում հասնել նրան, որ գազի գինը ֆիքսվի ռուբլով, ապա դա լավ է, սակայն միայն այն պարագայում, եթե հետագայում հրաժարվի միասնական արժույթին անցնելուց՝ երկարաժամկետ կտրվածքով դա վնասում է Հայաստանին, այս պահի դրությամբ օգուտ տալիս: Տնտեսագետը նաև նշեց, որ այս պահին դրամի կայունությունն արհեստական է պահվում, ինչը երկար ժամանակ հնարավոր չի լինի պահել, իսկ դեդոլարիզացիան կնշանակի լուրջ տնտեսական ցնցումներ, որոնց այս պահին ՀՀ պատրաստ չի:

 

Նույն շարքից