Կիրակի օրը Իջևանի քաղաքապետի ընտրությունների անցկացման համար պատասխանատու ընտրական տեղամասերում հանձնաժողովի անդամները քաջատեղյակ են եղել ընտրությունների ընթացքին հետևող դիտորդների կենսագրություններին, ընդհուպ մինչև թե վերջիններս որտեղ են աշխատում:
Այս մասին այսօր «Ինչպե՞ս են ընթացել ՏԻՄ ընտրությունները սեպտեմբերի 13-ին. դիտորդների գնահատականը» թեմայով քննարկմանը հայտնեց Վանաձորի «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի» համակարգող Վարդուհի Անանյանը՝ այն համարելով տարօրինակ:
«Եվ տարօրինակն այն էր, որ այս անգամ Իջևանի ընտրություններին շատ լավ ինֆորմացիա էին հավաքում դիտորդների կենսագրությունից, բնակության ու աշխատանքից վայրերից: Շատ տարօրինակ էր ու անսովոր, ոչ մի անգամ նման միջադեպ չէր եղել, արդեն միջանցքում գիտեին` ովքեր ենք, որտեղից ենք»,- նշեց դիտորդը, ով իր կազմակերպության 13 դիտորդների հետ միասին եղել էր 41 ընտրատարածքի 7 ընտրատեղամասերում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ 22 համայնքներում անցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, այդ թվում նաև` Իջևանում, որտեղ հիմնական մրցակցությունն ընթացել էր 2 թեկնածուների միջև. նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանի, որին աջակցում էր իշխող ՀՀԿ-ն և ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանի միջև:
Վարդան Ղալումյանը ստացել էր 6240 քվե, իսկ Վարուժան Ներսիսյանը` 2032, իսկ անվավեր է ճանաչվել 205 քվեաթերթիկ:
Նշենք, որ բոլոր 22 համայնքներում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 25 և ավագանու անդամի 51 թեկնածու, որոնց գերակշիռ մասը Հանրապետական կուսակցության ներկայացուցչերն էին:
Վարդուհի Անանյանը նշեց, որ ընտրություններին լուրջ միջադեպեր չեն արձանագրել, թեպետ նկատել են մարդկանց կուտակումներ տեղամասերի մոտ, ինչպես նաև ծերերին «օգնող» անձանց մեծ քանակ:
Մի դեպք էլ գրանցվել է, երբ հարսը քվեարկել է սկեսրոջ փոխարեն` սկեսուրի անձնագրով, առանց սկեսուրի ներկայության: Սա նկատել են դիտորդներն ու լրագրողները, ինչը, սակայն, չի արձանագրվել գրանցամատյանում:
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանն էլ, ով դիտորդական առաքելություն էր իրականացրել Մարալիկում` քաղաքապետի ընտրություններին, նույնպես արձանագրեց, որ «ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում»:
Հիմնական դիտարկումը, որն արել է դիտորդը, այն է, որ հանձնաժողովի անդամները «անտանելի շատ» ու ամեն հարցով զանգահարում էին Տարածքային ընտրական հանձնաժողով` ցուցումներ ստանում, թե ինչպես վարվեն:
Անհասկանալի էր, թե ինչու ամուսիններին արգելեցին քվեարկել նույնականացման քարտով ժամը 10-ի դրությամբ, այն դեպքում, երբ մինչ այդ 40-45 մարդ այդ փաստաթղթով քվեարկել էր, այդպես էին քվեարկել հարևան Ողջիում` ողջ օրը, և նախորդ ընտրություններին էլ դա թույլատրվել էր:
Այսինքն` դիտորդը տրամաբանությունը չի հասկանում`ինչու մի բան Մարալիկում արգելվում է առավոտյան 10-ից, եթե դա թույլատրված է եղել կողքի համայնքում 8-22-ը: