Հայաստան Քաղաքական 

Ամուր պահեք ձեր պահանջատիրական կամքը. Արամ Ա-ի կոչը հայ ժողովրդին

2015թ. սեպտեմբերի 12-ին Լիբանանի Այնճար քաղաքի Ս. Պողոս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պաշտոնական ընդունելության արարողությունը։

Վեհափառ Հայրապետի ընդունելությունից հետո Ս. Պողոս եկեղեցում Նորին Սրբությունը կանոնական  աղոթք է կարդացել Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ, որից հետո ներկաները մասնակցել են Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյակի տոնախմբությանը։

Հանդիսության ավարտին Վեհափառ Հայրապետն իր պատգամն է  փոխանցել տարբեր շրջաններից հավաքված մարդկանց  եւ շնորհակալություն է հայտնել հայաբնակ այս բնակավայրի շենացման աշխատանքների պատասխանատուներին. «Այնճարը գյուղ էր կամ գյուղաքաղաք։ Իսկ հիմա՝ 5 տարի անց, այցելելով այստեղ՝ կարող եմ ասել, որ այն վերածվել է քաղաքի՝ շենացած եւ զարգացած»։

Անդրադառնալով Մուսա Լեռան հերոսամարտի եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ Վեհափառն ասաց. «Այս երկու տարելիցները մեկ պատգամ ունեն՝ ամուր պահել պահանջատիրական կամքն ու վճռականությունը»։

Վեհափառ Հայրապետը առանձնացրել է հերոսների եւ նահատակների դերը ազգի կյանքում։ «Ցեղասպանը ցանկացավ ոչնչացնել Հայաստանն ու հայ ազգը, սակայն այսօր հայ ժողովուրդը հարություն է առել իր հերոսների եւ նահատակների թափած արյան շնորհիվ»։

Իսկ սեպտեմբերի 13-ին Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Ս. Պողոս եկեղեցում սուրբ պատարագ է մատուցել Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ։

Նույն շարքից