Ռուսաստանի միակողմանի գործողությունները Սիրիայում ու կոալիցիային նրա չմիանալու որոշումը կարող է գնահատվել որպես օժանդակություն Բաշար Ասադի վարչակարգին ու հանգեցնել Մոսկվայի մեկուսացմանը միջազգային արենայում:
Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, նշելով, որ Ռուսաստանը կարող է հայտնվել միջազգային մեկուսացման ու հակաահաբեկչական կոալիցիայի անդամ 60 երկրների ընդդիմությանը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս դիմել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային՝ կոչ անելով համագործակցել Բաշար Ասադի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում, այնինչ Սպիտակ տունը պահանջում է Սիրիայի նախագահի հրաժարականը:
2011թ.-ից Սիրիայում շարունակվող արյունահեղ պատերազմի հետեւանքով, ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով զոհվել է 220 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրերը: Կառավարական զորքերի դեմ մարտնչող տարբեր անջատողական խմբավորումներից ամենավտանգավորն ու մարտունակը ԻՊ ու Ան-Նուսրա խմբավորումների գրոհայիններն են: