Հայաստան Քաղաքական 

2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են Սահմանադրական նոր նորմերով. Վարդան Պողոսյան

Սահմանադրական բարեփոխումների նախագծի համաձայն հանրապետության գործող նախագահը մինչև 2018 թ.-ը իրականացնում է իր գործառույթները: Այս մասին նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են Սահմանադրական նոր նորմերով, բայց նկատեց, որ անորոշ է մնում նախագահի կողմից ձևավորված կառավարության ճակատագիրը:

«2018-ի համար նախատեսված չէ ՀՀ նոր նախագահի անուղակի կարգով ընտրության դեպքում ի՞նչ է լինում այդ կառավարությունը, որը ձևավորվել է 2017-ի ընտրության արդյունքներով ու նշանակվել նախագահի կողմից: 2018-ին գործող նախագահի լիազորությունների ավատով պայմանավորված կառավարությունը չպե՞տք է հրաժարական տա, որ ձևավորվի սահմանադրական նոր կարգին համապատասխան կառավարություն»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:

Ի պատասխան Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի (ՍԲՀ) անդամ Վարդան Պողոսյանը նշեց, որ անցումային դրույթներով կառավարության հրաժարականը բացակայում է:

«Տրամաբանական կլինի ամրագրել դա, որովհետև նախագահի լիազորությունների ավարտից հետո սահմանադրական փոփոխությունները պետք է ամբողջ ծավալով ուժի մեջ մտնեն: Տրամաբանական կլինի, որ կառավարության ձևավորումն իրականացվի առաջարկված սահմանադրության նախածով սահմանված կարգով: Հարցը, կարծում եմ, քննարկման  առարկա կդառնա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից»,-  նշեց Վարդան Պողոսյանը:

Նույն շարքից