Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի ճանաչում «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանին, որը պատգամավորին մեղադրում է իրեն ծեծի ենթարկելու մեջ:
«Քննչական մարմինները զբաղվում են, ինքը փախած ա, երբ կհայտնաբերեն, ամեն ինչ կպարզվի: Ես սրճարան չունեմ, ինքը ո՞վ ա, որ իրան հրավիրեմ, ես իրան չեմ էլ ճանաչում: Բացի դրանի՝ իրանք մարդ ու կնիկ փող են գողացել եւ փախել: Իմ մասին որ էդքան ամբախ-զամբախ բաներ ա խոսում, ես ի՞նչ կապ ունեմ»,- ասաց պատգամավորը: Սեդրակյանի համար զարմանալի է, որ իրեն մեղադրում են «Գազպրոմ Արմենիա»-ի համար ակտիվիստին ծեծի ենթարկելու համար:
«Ես գազն օգտագործում եմ՝ որպես սպառող, ոչ ավելին»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ իրեն և նրա կնոջը իրենց տանը մի խումբ անձիք ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Ավելի ուշ պարզվել էր, որ Վահան Մարտիրոսյանի ընտանիքում վեճ է եղել, ինչի հետեւանքով էլ ամուսինները մարմնական վնասվածքներ էին ստացել: Քրեական գործը կարճվել է:
Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ դեպքից ավելի ուշ Վահան Մարտիրոսյանն ու իր կինը իրենց ապաստան տված մտերիմ կնոջ տանից խոշոր չափի գումար էին գողացել և անհետացել: