Ավստրալիայի խորհդրարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանին ՝ մարդու իրավունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը չձգտելու համար։ Այդ մասին հայտնում է Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը։
Ադրբեջանից ժամանած պատգամավոր Հանլար Ֆատիեւի հետ հանդիպումից հետո խորհրդարանի նիստում իր ելույթի ժամանակ Ալեքսանդրը անդրադարձել է Ադրբեջանում իրավապաշտպանների ձերբակալություններին։ «Ես նաեւ մտահոգություն եմ հայտնել՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության հարցում Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ։ Վերջին տարիներին Ադրբեջանը ավելի քան 1 միլիարդ է ներդրել ռազմական տեխնիկայի ու զենքի ոլորտում, դրանով իսկ ծաղրուծանակի ենթարկելով այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու բոլոր ձգտումները»,– հայտարարել է պատգամավորը։
Նրա խոսքով, այս տարի, երբ նշվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, պետք է նշել, որ Ավստրալիայի առեւտրային գործընկերները, օրինակ Ադրբեջանը, պետք է պաշտպանեն մարդու իրավունքները ու քաղաքական ազատությունները։
Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Կաղրամանյանը նշել է, որ ավստրալիացի պատգամավորը միշտ ազնիվ ու անկեղծ է արտահայտվել հայերին վերաբերող կարեւոր հարցերի շուրջ։