Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մարդակենտրոն չէ: Այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Դիմելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին՝ Հրանտ Բագրատյանը խնդրեց հիմնավորել՝ ինչո՞վ է նոր սահմանադրությունը մարդակենտրոն:
«Ինչո՞ւ եք համառորեն խղճի, ընտանիքի, տան իրավունքի հետևը երկրորդ կետով գրում՝ դա կարող է կասեցվել՝ ելնելով հասարակական շահերից: Ի՞նչ նպատակ է հետապնդում սա: Դուք միանգամից ոչնչացնում եք մարդու իրավունքները»,- նկատեց ՀԱԿ պատգամավորը:
Բագրատյանը խոսքով՝ նախագծում կա կայուն մեծամասնության հասկացությունը, ինչն արդեն ժողովրդավարությանը հակասում է: «Անտեղի բերում եք Իտալիայի օրինակը, Իտալիայի պրոբլեմը Բեռլուսկոնին էր, մի այլանդակ երևույթ, որ հայտնվեց էդ երկրում: Վտանգ չկա՞, որ էս պառլամենտն ընկնի մի քանի միլիարդատերերի ձեռքը, ի՞նչ եք անելու ձեր կայուն մեծամասնությամբ»,- հարցրեց Հրանտ Բագրատյանը՝ նշելով նաև, որ նախագծով հանրապետության նախագահին ոչ թե սիմվոլիկ, այլ լուրջ լիազորություններ են տրվում:
Ի պատասխան Վարդան Պողոսյանը նշեց, որ երբ հանձնաժողովն անդրադառնում է հիմնական իրավունքների սահմանափակումներին, այն չի ենթադրում իրավունքների դադարում:
«Դուք արտահայտեցիք դադարում տերմինը, նման տերմին չկա Սահմանադրության մեջ, Սահմանադրությունն ընդամենը որոշակի իրավունքների հետ կապված արձանագրում է, որ դրանք կարող են մի քանի լեգիտիմ հիմքերով՝ այդ թվում հասարակական կարգի պահպանման, սահմանափակումների ենթարկվել»,- ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ սահմանափակումը թույլ տալու համար լեգիտիմ հիմք է հարկավոր:
Նրա խոսքով, հիմքի բացակայությունը, դեռ չի նշանակում, որ այդ իրավունքը կարող է դադարեցվել, պարզապես այդ իրավունքը որոշակի պայմանների դեպքում սահմանափակվում է:
Վարդան Պողոսյանը հիշեցրեց, որ եվրոպական կոնվենցիան ենթադրում է սահմանափակումների լեգիտիմ հիմքեր, սակայն որևէ մեկը դրանից այն եզրահանգման չի եկել, որ վերապահված է նախագահին: