ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն առաջարկում է նոր Սահմանադրությամբ արգելել մենաշնորհների առկայությունը: Սահմանադրական բարեփոխումների նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ Վարդան Այվազյանը նշեց, որ Սահմանադրության համաձայն մենաշնորհների և գերիշխող դիրքի չարաշահումն արգելվում է:
Նա նշեց, որ սա բավարար չէ: «Տեսել ենք, որ տնտեսության մեջ մենաշնորհները ինչ ավերիչ գործողություններ են ունենում: Ամրագրենք, որ արգելվում է»,- առաջարկեց Այվազյանը:
Ի պատասխան Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշեց. «Եթե գրում ենք, որ մենաշնորհն արգելվում է, այդ դեպքում, բնականաբար, օրենսդիրը կարգավորման որևէ անհրաժեշտություն չունի սահմանափակումների և այլնի տեսանկյունից: Եթե մենաշնորհներ չկան, դրանք չեն կարող կարգավորվել»:
Պատգամավորը նշեց, որ այս ճանապարհով գնացել է ՌԴ Սահմանադրությունը, բայց լավ արդյունքների չի հասել: «Բացի բնական մենաշնորհներից կան մենաշնորհների առանձին տեսակներ, տարբեր երկրներում, որոնք կարող են իմաստալից լինել: Եթե իմաստալից չեն՝ այլ խնդիր է: Այդ դեպքերում օրենսդիրը պարտավոր չէ կարգավորել: Եթե Սահմանադրությամբ արգելենք մենաշնորհները, ապա այդ դեպքում օրենքը անելիք չունի այդ հարցում»,– ասաց Վարդան Այվազյանը: