Ակնհայտ է, որ Եվրոպա ժամանող միգրանտների մեծ մասը ձգտում է հաստատվել Ռեյնի բարեբեր ափերին: Նրանց չի գոհացնում Հունգարիայում, կամ զարգացած Ավստրայում ապրելու հեռանկարը: Գերմանիայի տնտեսական հզորությունն, որ ժամանակին նրան վերածել էր եվրաինտեգրացիայի շոգեքարշի, կրկին չար կատակ է խաղում:
Լուրերը կուշտ ու բարգավաճ Գերմանիայի մասին այնքան գրավիչ են, որ միգրանտները առանց որեւէ մեկի կարծիքը հաշվի առնելով, տրանսպորտի գրեթե բոլոր միջոցներով կամ ուղղակի ոտքով ձգտում են հատել սահմաններն ու հաստատվել Գերմանիայում: Որոշակի դեր խաղաց նաեւ Անգելա Մերկելի սելֆին միգրանտներից մեկի հետ, որում կանցլերը ուրախ ժպտում ու իր համակրանքն է ցուցաբերում միգրանտին, տպավորություն ստեղծելով, որ Գերմանիան պատրաստ է ընդունել ահաբեկիչներից մազապուրծ եղած բոլոր փախստականներին: Մեր ժամանակներում վիզուալ կերպարի մարմնավորումը իրականում շատ ազդեցիկ է. Հիշենք օրինակ խեղդված սիրիացի փոքրիկի լուսանկարն ու հանրության մարդասիրական արձագանքը:
Այսպիսով Գերմանիան իր բարեկեցության համար վճարում է յուրահատուկ ձեւով՝ ընդունելով միգրանտների զգալի մասին: Ու եթե կանցլերը ստիպված է հաշվի նստել տարբեր տրամադրությունների հետ, այդ թվում նաեւ այն ընտրողների հետ, որոնք միգրանտներին բավականին տոլեռանդ են վերաբերվում, չպետք է անտեսել նաեւ իրողությունն, որ շատերը խիստ թշնամական են վերաբերվում ներգաղթյալներին:
Գերմանական միստիցիզմի յուրահատուկ արտահայտությունն էր Բուհենվալդ համակենտրոնացման ճամբարի դռների բացումը փախստականների առջեւ: Գերմանական իշխանությունների նման յուրահատուկ որոշման մասին առաջինը բարձրաձայնեցին բրիտանական լրատվամիջոցները:
Անգլիական Daily Mail պարբերականը պարզեց, որ բրիտանացիների հավերժ հակառակորդ գերմանացիները, միգրանտներին տեղավորելու համար բացել են Բուհենվալդ համակենտրոնացման ճամբարի մեկ բարաք: Ու ապրում է այնտեղ ընդամենը 21 սիրիացի ներգաղթյալ: Առողջ միտքը հուշում է, որ Բուհենվալդը պատահական չի ընտրված, այլ որոշակի մեսիջ է պարունակում: Բայց ահա՝ ու՞մ է ուղղված այս հաղորդագրությունը:
Բուհենվալդյան նոր բնակիչները իշխանություններից ստանում են 135 եվրո, իսկ բարաքում բնակվելն անվճար է: Պարզվում է՝ սիրիացի փախստականները այստեղ այդքան էլ վատ չեն զգում, մխիթարվելով, որ իրենց հայրենակիցներից շատերը նույնիսկ դա չունեն: Հիշենք, որ փորձագետների կանխատեսումների համաձայն 2016 թ.-ին միգրանտների թիվը աճելու ու հասնելու է 800 հազարի:
Այդ պարագայում Բուհենվալդի բարաքները արագ լցվելու հնարավորություն կստանան ու խորհրդային ժամանակաշրջանի հայտնի «Բուհենվալդյան ահազանգ» երգը նոր հնչերանգ կստանա:
Միգրանտների չդադարեցող հոսքի հետեւանքով Գերմանիան ստիպված էր փակել Ավստրայի հետ սահմանը, այդպիսով կասկածի տակ դնելով նաեւ ԵՄ կարեւորագույն ձեռքբերումներից մեկը՝ Շենգենյան ազատ տեղաշարժման համաձայնագիրը:
Եվրոպական օրենսդիրներին թույլատրված է նման քայլի դիմել միայն արտակարգ ֆորս-մաժորային իրավիճակներում, ուստի այն ինչ այժմ տեղի է ունենում Գերմանիայում, նշանակում է այդպիսին: Մարտական պատրաստվածության են բերվել Բունդեսթագի շուրջ 4 հազար զինծառայողները:
Գերմանիայի օրինակին դիմեցին նաեւ Ավստրիան ու Հունգարիան, որոք փակեցին սահմանները: Եթե Սերբիան, նույնպես փակի ճանապարհը, ապա միգրանտները կփորձեն սահմանը հատել հարեւան Հորվաթիայով, որի կառավարությունն արդեն զգուշացրել է, որ միգրանտները կարող են հայտնվել պատերազմից հետո դեռեւս չվնասազերծված ականապատված հատվածում:
Բացի այդ սիրիացի փախստականներն արդեն նկատվել են Ուկրաինայի սահմաններում ու Մերձկարպատներում:
Տեխնիկական դժվարությունների ու եվրոպական արժեքներից չնահանջելու պայմաններում, Եվրոպան առաջացած խնդրի լուծման ճանապարհին զուրկ է իրավիճակի ազնիվ վերլուծությունից: Քաղաքական գործիչները մտածում են ընտրությունների ու վարկանիշի մասին ու հաճախ անընդունակ են առավել հստակ ու ոչ երկիմաստ արտահայտվելու հնարավորությունից:
Սակայն կան նաեւ բացառություններ: Մասնավորապես Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համոզմամբ եվրոպական գործիչները իրականում չեն գիտակցում միգրանտների հոսքի մաշտաբներն ու նրանցից սպասվող վտանգները:
Այսպիսով «նոր» եվրոպական երկրներում պատրաստ են օգտվել եվրաինտեգրացիայի պտուղներից, սակայն չեն շտապում դրա համար վճարել: Արեւելքի նոր բարբարոսներին նրանք համարում են ազգային անվտանգության սպառնալիք:
Այսպիսով, եկել է ժամանակ, երբ եվրոպական արժեքներն ենթարկվում են փորձության: Կամ դրանք կփլուզվեն միգրանտների հոսքից, կամ աջերին սպասվում է ռենեսանս: «Բուհենվալդյան ահազանգը» կարող է հնչել կրկին: Այժմ այն անհավանական է թվում, սակայն նպանատիպ իրավիճակ արդեն գրանցվել է Եվրոպայի պատմության մեջ, երբ իշխանության եկան ֆաշիստները: