Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց հղեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
«Վարչապետը բերեց վիճակագրական թվեր և խոսեց չորսուկես տոկոս տնտեսական աճի մասին, բայց դրան անմիջապես հետևեց ֆինանսների նախարարի հակասական հայտարարությունը: Չնայած վիճակագրությանը, այնուամենայնիվ, բոլոր ուղղություններով նկատվում է անկում: Ուզում եմ հասկանալ` եթե սրանից առաջ վիճակն ավելի լավ էր բոլոր ուղղություններով, բա էդ դեպքում ո՞ւր են այդ գումարները, ո՞ւր են գնացել Ձեր պաշտոնավարման բազմաթիվ տարիների ընթացքում, եթե վիճակագրությունն այլ բան է ասում»,- հարցրեց պատգամավորը:
Ուրիխանյանի հարցադրմանն ի պատասխան` ֆինանսների նախարարը նշեց. «Սկսեմ նրանից, որ վարչապետի հայտարարության և իմ ասածի միջեւ ոչ մի հակադրություն պետք չէ փնտրել: Հարցը քննարկվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում: Բնականաբար, մասնագետներից շատերի համար գաղտնիք չէ, որ ՀՆԱ-ի աճի տեմպերը հարկային մուտքերի վրա չեն անդրադառնում»:
Նախարարը հայտարարեց նաև. «Ինչ վերաբերում է նրան, թե իմ պաշտոնավարման տարիներին ուր են գնացել գումարները, նշեմ, որ իմ պաշտոնավարման տարիներին եկամուտներն աճել են: Ինչի՞ չեն ավելանում հարկերը: Իմ պաշտոնավարման տարիներին մենք հինգ հարյուր միլիարդից հասել ենք մեկ տրիլիոնից ավելիին»: